Կրակոցներ Երևանում․ կա 1 զոհ և վիրավորներ

Քիչ առաջ վիճաբանություն և կրակոցներ են տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 18:30-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ:

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են մի քանի զենքերից կրակված պարկուճներ, այդ թվում՝ ավտոմատի, «Մակարով» և թմբուկավոր տեսակի ատրճանակների, դանակներ և արնանման հետքեր: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները:

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նշված վայրից «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացի:

Մինչ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում զննություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով, մահացել է:

Ոստիկաններն ու քննիչները պարզում են մահացածի և վիրավորների ինքնությունը: