Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված 31 հատ պարկուճ և 2 հատ փամփուշտ

Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված 31 հատ պարկուճ և 2 հատ փամփուշտ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ նոյեմբերի 13-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 16։15-ի սահմաններում Ոստիկանության Նոր Նորքի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Նորքի 7-րդ զանգվածի 35 շենքի մոտ կրակոցներ են հնչում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանն ու նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։

Ժամանել է  նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի երկրորդ գումարտակի առաջին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել, տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Դավիթ Դավթյանը, Նվարդ Լևոնյանը, Գոռ Բաբայանն ու Մերի Նիկոյանը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կրակոցներն արձակել է Հ․ Ավետիսյան փողոցի բնակիչ, 44-ամյա Կարեն Մ․-ն, ով ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ տվյալներով հայտնաբերվել է և բաժնի պետ Ի․ Մեսրոպյանի գլխավորությամբ քրեական հետախույզները նրան տեղափոխել են ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։ Ոստիկանները, քննիչներն ու ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները Հ․ Ավետիսյան փողոցի թիվ 35 շենքի բակի և հարակից տարածքում հայտնաբերել են 30-ից ավելի կրակված պարկուճ և 2 հատ փամփուշտ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով խուզարկությամբ Կարեն Մ․-ի մոտ հայտնաբերվել է 24 հատ 7․62 տ/չ փամփուշտ։