Կրակոցներ Երևանի Կենտրոնում. կասկածյալը հայտնի մականունավոր գործարարի եղբայրն է

Կրակոցներ Երևանի Կենտրոնում. կասկածյալը հայտնի մականունավոր գործարարի եղբայրն է

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 18-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 19:30-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցում՝ ԱԱԾ Երևանի վարչության մոտ կրակոցներ են հնչել:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Արամ Այվազյանի և բաժնի պետի տեղակալ Ներսես Մուրադյանի գլխավորությամբ:

Աղբյուրի տեղեկություններով, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ 1 հոգի հրազենային վնասվածքով տեղափոխվել է թիվ 1 Համալսարանական հիվանդանոց: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի (կարմիր բերետներ) ծառայողները: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Գնդակը ոստիկանների և քննիչների դաշտում է:

Դե, տեսնենք, ինչքան ժամանակում կհայտնաբերեն քաղաքի կենտրոնում իրեն անպատժելի համարող այդ ճիվաղին, ով կրակոցներ է արձակել և երևի ոստիկաններն ու քննիչներն արդեն գիտեն, որ կրակողը Հայաստանում հայտնի մականունավոր գործարարներից մեկի եղբայրն է:

Իսկ էլեկտրոնային միջոցներով էլ սխալ ավտոմեքենայի նկար են տեղադրել ու տարածում են, թե իբրև 01 LN 015 համարանիշի այդ ավտոմեքենայի միջից են կրակոցներ արձակել, սակայն այդ ավտոմեքենան ընդհանրապես կապ չունի միջադեպի հետ»: