Կովերի անկումը բոլորովին կապ չունի լճի հետ, յոնջա են կերել և սատակել․ Թագուհի Թովմասյան

ԱԺ արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն անդրադառնալով Սևանա լճի ցավոտ թեմային՝ իր ելույթում ասաց, որ կովերի անկումը բոլորովին կապ չունի լճի հետ, յոնջա են կերել։

«Հանգստյան օրերին եղել եմ խնդրահարույց համայնքներում, որտեղ կովերը սատկել էին, խոսել եմ նաև անասնաբույժների հետ: Թեպետ տխուր լուր է, բայց ուրախությամբ պետք է ասեմ, որ կովերի անկումը բոլորովին կապ չունի Սևանա լճի հետ: Կովերը անկել են յոնջա տեսակի առվույտի հետևանքով, շատ ջուր են խմել կովերը ու տրաքել են, կարծում եմ, ցանկացած գյուղաբնակ մարդ գիտի դրա հետևանքը, ցանկացած ջուր էլ որ խմեին, լինելու էր նույն արդյունքը:

Նախկինում, երբ Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման մասին խոսք էր գնում, մշտապես ասում էին, որ շատ պաշտոնյաներ ամառանոցներ ունեն եւ իրենց խաթր ջրի մակարդակը չի բարձրացվում, որպեսզի իրենց ամառանոցները չմնան ջրի տակ: Ես ուզում եմ հասկանալ՝ մենք հիմա ի՞նչ խոչընդոտ ունենք: Ինձ հայտնի է գոնե, որ մեր պաշտոնյաների մեծ մասն այնտեղ ամառանոցներ չունեն ու հիմա ի՞նչ խնդիր ունենք՝ Սեւանի բարձրացման եւ այդ կանաչ Սեւանի պատկերը փոխելու համար։ Մինչեւ հիմա չունենք փորձագիտական եզրակացություն՝ ջուրը թունավո՞ր է, թե՞ թունավոր չէ, հասկանում ենք, որ կանաչ է, բայց ձկնատեսակները, որ անարգել վաճառվում են, թունավո՞ր են արդեն, թե՞ ոչ։

Երեկ երեկոյան նոր ջրի նմուշ եք վերցրել ու ուղարկել փորձաքննության, արդյոք ուշացած չե՞ն այդ բոլոր քայլերը: Մենք ի՞նչ կարող ենք անել, կոնկրետ ես, որպես այդ տարածքից ընտրված պատգամավոր, ի՞նչ կարող եմ անել՝ Սեւանի փրկության համար: Եթե պետք է կամավոր աշխատանք, գնանք հատիկ-հատիկ էդ մամուռները պոկենք: