Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգին դահլիճը կիսադատարկ էր. Մարդը պետք է արվեստի հետ մշտական հարաբերությունների մեջ լինի. Փաշինյան

Նոր Հայաստանում մարդը արվեստի, մշակույթի հետ պետք է իրական և մշտական հարաբերությունների մեջ լինի, ազգային արժեքները պետք է մոտ լինեն մարդուն՝ ծնողի, հարազատի, յուրայինի նման:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ երեկ ներկա է գտնվել նվիրված Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգին, և դահլիճը կիսադատարկ էր:

«Երեկ Աննայի հետ գնացել էի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգին, նվիրված Կոմիտասի 150-ամյակին: Կոմիտասի 150-ամյակ, Ազգային ակադեմիական երգչախումբ, դիրիժոր՝ Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյան, հզորագույն համերգ: Եվ՝ կիսադատարկ դահլիճ:

Սա մեր մշակութային կյանքի և քաղաքականության իրական երեսն է. ում հարցնես՝ կասեն, որ Կոմիտասը, Չեքիջյանը, Ակադեմիական երգչախումբը մեզ համար ազգային արժեքներ են: Բայց համակարգը կառուցված է այնպես, որ այդ ազգային արժեքի հետ հնարավորինս քիչ մարդ շփվի, քիչ մարդ հարաբերվի:

Որովհետև, չէ՞ որ դա բարձր ազգային արժեք է, «ամեն մարդու խելքի բան չէ», կերպարվեստի գլուխգործոցները պետք է պահվեն թանգարանների «պադվալներում» (պահարաններում պահվող ռոկոկո բաժակների նման), որովհետեւ դրանք արժեք են և ոչ թե ամենօրյա կիրառման և յուրացման բովանդակություն: Թանգարաններ պետք է հնարավորինս քիչ մարդ գնա, կամ ընդհանրապես չգնա: Եվ այսպես շարունակ:

Հենց այս համակարգը վերացնելն է մեր մշակութային քաղաքականության նպատակը: Նոր Հայաստանում մարդը արվեստի, մշակույթի հետ պետք է իրական և մշտական հարաբերությունների մեջ լինի, ազգային արժեքները պետք է մոտ լինեն մարդուն՝ ծնողի, հարազատի, յուրայինի նման:

Եվ այս ընկալումը պետք է սերմանվի դպրոցից: Հենց այս խնդիրը կամ խնդիրների այս համախումբը պետք է լուծի Կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը»:

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...