Կասկադում ՌԴ քաղաքացուց փող և ոսկի պահանջածները ձերբակալվել են. նրանք Գեղարքունիքի մարզից են

Կասկադում ՌԴ քաղաքացուց փող և ոսկի պահանջածները ձերբակալվել են. նրանք Գեղարքունիքի մարզից են

Հուլիսի 24-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն դիմած ՌԴ քաղաքացին հայտնել էր, որ ժամը 02.00-ին երկու ընկերների հետ «Կասկադ» համալիրի աստիճանահարթակի վերին հատվածում են եղել, երբ իրենց են մոտեցել երկու երիտասարդ, որոնցից մեկի ձեռքին՝ դանակ, եւ պահանջել են փող եւ ոսկի:

Ինքը նրանց է տվել ոսկյա մատանին, ընկերը՝ արծաթյա ձեռնաշղթան, այնուհետեւ բոլորով մոտեցել են Ազատության պողոտայի բանկոմատին, որտեղից երրորդ ընկերը կանխիկացրել եւ նրանց է տվել 18.000 դրամ, ինչից հետո նրանք դիմել են փախուստի: Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի եւ Երեւան քաղաքի վարչության քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել են Գեղարքունիքի մարզի 20 եւ 23 տարեկան երկու բնակիչ:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, Քանաքեռ-Զեյթունի եւ Մարտունու բաժինների քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 28-ին, ժամը 23.55-ին, 20-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել է Երեւանի Մանանդյան փողոցում, իսկ 23-ամյա երիտասարդը հայտնաբերվել եւ ձերբակալվել է հուլիսի 29-ին, ժամը 00.50-ին, Մարտունի քաղաքի Շահումյան փողոցում:

Կատարվում է նախաքննություն: