Կան ավելի կարևոր խնդիրներ մեր երկրում, քան ընտանեկան լուսանկարներ հրապարակելը. Շարմազանով

«Ադրբեջանի՝ 20 տոկոս ռազմական բյուջեի ավելացման պարագայում գինու շշով փարթիներ կազմակերպելը և ռեալիթի շոուի ռեժիմով ժողովրդին զվարճացնելը մեր պետության ղեկավարի պարտականությունների մեջ չի մտնում: Կան ավելի կարևոր խնդիրներ մեր երկրում, քան ընտանեկան լուսանկարներ հրապարակելը»։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Հայաստանի առջև ծառացած ամենամեծ մարտահրավերն անվտանգությունն է, պանթուրքիզմն է և դժբախտաբար այս 1,5 տարում նոր իշխանությունը կամ չի գիտակցել, կամ չի ցանկացել գիտակցել, կամ անզոր է քայլեր կատարել, որ մեր պետության անվտանգությունն ամրացնի» ,-ասեց Շարմազանովը:

Վերջինս հիշեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել է, որ ռազմական բյուջեն իր վարչապետության օրոք պետք է շեշտակի ավելանա.

«Ադրբջանու ռազմական բյուջեն 20 տոկոսով ավելանում է, իսկ մեր բյուջեն գրեթե չի ավելանում: Այստեղ մենք ունենք խոսքի և գործի անհամարժեքություն: Ես չեմ ուզում ասել՝ վարչապետը սուտ է խոսում, խաբում է, բայց մենք գործ ունենք մի մարդու գործունեության հետ, որը ամենակարևոր  հարցում հայտարարում է մի բան, իրականացնում է լրիվ այլ բան։ Կան ավելի կարևոր խնդիրներ մեր երկրում, քան ընտանեկան լուսանկարներ հրապարակելը» ,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը: