Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. վարորդներից 5-ը կանայք են. կան վիրավորներ

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. վարորդներից 5-ը կանայք են. կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-16։30-ն ընկած ժամանակահատվածում Դավիթ Անհաղթի փողոցում՝ «Իդեալ» խանութի մոտ, բախվել են BMW E60 և Nissan Altima մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել կայանված վիճակում գտնվող Kia Forte և Mercedes ML մակնիշի ավտոմեքենաներին։ Mercedes ML-ն էլ հետընթաց բախվել է Toyota Vitz-ին, Toyota Vitz-ն էլ բախվել է Nissan March-ին։ 

Բախման հետևանքով վնասվել են նաև կայանված Hyundai Elantra-ին ու Mercedes A170-ին։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արթուր Ստեփանյանի գլխավորությամբ։

Քանի որ վթարի հետևանքով ճանապարհը մասամբ դարձել է միակողմանի երթևեկելի, ինչի  հետևանքով նույնիսկ չեն կարողանում անցնել տրոլեյբուսները, որոնցից մոտ 5 հատ մնացել են կայանված, տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկ Վանուշ Հովհաննիսյանն ու պարեկներ Տիգան Առաքելյանն ու Վահրամ Հակոբյանը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ 

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և քննիչ Սարգիս Հրաչյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կայանված ավտոմեքենաների վարորդներից հինգը կանայք են։