Խոշոր հրդեհ Երևանում․ «Կաշվի գործարանում» 3 ժամից ավելի է՝ հրշեջները պայքարում են կրակի դեմ

Խոշոր հրդեհ Երևանում․ «Կաշվի գործարանում» 3 ժամից ավելի է՝ հրշեջները պայքարում են կրակի դեմ

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ արդեն 3 ժամից ավելի է՝ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 5 մարտական հաշվարկով ժամանած հրշեջ-փրկարարները պայքարում են Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում ԽՍՀՄ տարիներին կառուցված, այս պահին չգործող Ստեփան Շահումյանի անվան «Կաշվի միավորում» արտադրական ընկերության տարածքում կաշվի և անհայտ ծագմամբ նյութի թափոնների մոտ 100 ք/մ տարածքում առաջացած խոշոր հրդեհի դեմ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են այդ ընկերության աշխատակիցները։ Հրշեջները մի քանի հատվածներում հրդեհը մարելիս, շատ դեպքերում վտանգում են իրենց կյանքը, քանի որ կրակից և ծխից առաջանում են վտանգավոր գազեր։ Այս պահին հրշեջներին հաջողվել է կրակի տարածումը կանխել, սակայն աշխատանքները որոշ ժամանակ կշարունակվեն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, ովքեր հսկում են տարածքը, որպեսզի բացի հրշեջներից՝ ոչ ոք չմոտենա դեպքի վայր։

Ժամը 10։30-ից տեղում հերթապահություն են կատարում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբը։ Նրանք մի քանի հրշեջ-փրկարարների տեղում օգնություն ցուցաբերեցին, քանի որ, այնուամենայնիվ, ծուխն իր սև գործն անում է։

Թե ինչն է եղել կրակի պատճառը՝ դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։