Խոշոր հրդեհ «Երազ» էլիտար թաղամասի շենքերից մեկում. փրկարարները տարհանել են մեծ թվով բնակիչների

Խոշոր հրդեհ «Երազ» էլիտար թաղամասի շենքերից մեկում. փրկարարները տարհանել են մեծ թվով բնակիչների

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Երազ» թաղամասում՝ Ադոնցի 6/2 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են փրկարար ծառայության ՀՀ ՆԳՆ թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Լրացուցիչ ժամանել են մի քանի հրշեջ փրկարարական ջոկատների մարտական հաշվարկներ։

Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության ԲԻՍ 1 աստիճան։

Մինչ հրշեջների ժամանումը, նշված թաղամասում անվտանգություն կատարող «Սոլիդ» անվտանգության ծառայողներ Ռուդիկ Նամալյանի, Արսեն Գասպարյանի և Արսեն Հարությունյանի գլխավորությամբ կարողացել են բնակիչների մեծ մասին տարհանել, այնուհետև մի քանի բնակիչների տարհանել են հրշեջ փրկարարները և օպերատիվոչեն ժամանած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գոռ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն բնակիչներին օգնություն ցուցաբերած ու նրանց տարհանած հրշեջ փրկարարներից մի քանի հոգի ծխահարվել են, իսկ «Սոլիդ» անվատանգության աշխատակից Դավիթ Պետրոսյանը, ով նույնպես մասնակցել է բնակիչների տարհանմանը, ծխահարվել և տեղափոխնել է «Արմենիա» ԲԿ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ 

Պարեկներն ու ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներիը սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները մարեն առաջացած խոշոր հրդեհը, որի ծուխը տեսանելի էր բավականին հեռվից։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Արթուր Կիրակոսյանն ու վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը։

Ոստիկանությունը պարզում է հրդեհի հանգամանքները, ինչպես նաև տան սեփականատիրոջ ինքնությունը։