Խոշոր ավտովթար-հրդեհ Վայոց Ձորում. բախվել են Howo և КамАЗ մակնիշի բեռնատարները. մեքենաներից մեկը վերածվել է մոխրակույտի, կան վիրավորներ

Խոշոր ավտովթար-հրդեհ Վայոց Ձորում. բախվել են Howo և КамАЗ մակնիշի բեռնատարները. մեքենաներից մեկը վերածվել է մոխրակույտի, կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 12:40–ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 107.5-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Howo (տրեյլեր) և КамАЗ (ցիստեռնով) մակնիշի բեռնատարները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ցիստեռնը շրջվել և ընկել է ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայի վրա, իսկ Howo մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Ավտովթար-հրդեհի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 հաշվարկ: Հրշեջները քաղաքացիների օգնությամբ նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Համլետ Սիրականյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը: Երթևեկությունը նշված հատվածում մասամբ դարձել է միակողմանի, քանի որ հատուկ տեխնիկաներ են պետք, որպեսզի կողաշրջված ավտոմեքենան հեռացվի դեպքի վայրից: