Խամենեին զգուշացրել է Էրդողանին ու Պուտինին հայ-իրանական սահմանի մասին

Խամենեին զգուշացրել է Էրդողանին ու Պուտինին հայ-իրանական սահմանի մասին

Lragir.am-ը գրում է․ Թեհրանում կայացած Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ղեկավարների վեհաժողովն արդյունքների առումով անպտուղ է եղել։ Փորձագետները նշում են, որ բոլորը մնացել են իրենց դիրքերին, սակայն տարածաշրջանային հաղորդակցությունների առումով որոշակի հայտարարություններ են արվել։

Պուտինն Իրանի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ առաջարկել է զարգացնել Հյուսիս-Հարավ երթուղու ռուսական տարբերակը՝ Սանկտ Պետերբուրգից Պարսից ծոց՝ «Ադրբեջանի» տարածքով։

Պուտինն առաջարկել է ավարտել Իրանի երկաթուղու Ռեշտ-Աստարա 146 կիլոմետրանոց հատվածը։ Նման առատաձեռն առաջարկին Թեհրանը պատասխանել է դիվանագիտական ​​լռությամբ։

Ճիշտ այնպես, ինչպես Լավրովը լռել էր Իրանի արտգործնախարարի այն հարցին, թե Ռուսաստանը համաձա՞յն է տարածաշրջանում աշխարհքաղաքական սահմանների փոփոխությանը։

Իրանը շահագրգռված է մեկ այլ Հյուսիս-Հարավ ճանապարհով՝ Հայաստանով և Վրաստանով դեպի Սև ծով: Այս ճանապարհը կարող է փակվել, եթե Ռուսաստանն և Թուրքիան օտարեն Հայաստանի հարավը եւ բացեն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Իրանի հոգեւոր առաջնորդ Խամենեին զգուշացրել է Իրանի համար հայ-իրանական սահմանը փակելու անթույլատրելիության մասին։

Հուլիսի 20-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Բաքվի ԱԳ նախարար Բայրամովի միջև։

Հանդիպման մասին Բաքվի հաղորդագրությունում նշվում է, որ արտգործնախարարները «կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում տրանսպորտի և տարանցման հարցերի շուրջ, մասնավորապես նշել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի տարածքով անցնող Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ներուժի ընդլայնման կարևորությունը»:

Նույն օրը Էրդողանը մեկնաբանել է Զանգեզուրի միջանցքի նախագիծը և այդ հարցում Ռուսաստանի դիրքորոշումը, հաղորդում է Անատոլիական գործակալությունը։

«Պարոն Պուտինը, եթե չեմ սխալվում, օրերս խոսեց նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ինձ հետ զրույցում ՌԴ ղեկավարն ասաց, որ ողջույններ է բերել Ալիևից, որին նախկինում պատմել էր ինձ հետ մոտալուտ հանդիպման մասին», ասել է նա։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ ինքը վերջերս զրույց է ունեցել Ալիեւի հետ։ «Իլհամ Ալիևը հայտնել է գործընթացների դրական ուղղության մասին։ Ավելի վաղ, ինչպես հայտնի է, տեղի է ունեցել Ադրբեջանի, Հայաստանի և ԵՄ ղեկավարների եռակողմ հանդիպումը։

Այս հանդիպումը, ըստ Ալիեւի, նույնպես դրական է անցել։ Իմ տեղեկություններով ամեն ինչ ընթանում է իր հունով: Շուտով այդ տարածքում կբացվի նորը»,- ասել է Էրդողանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում