«Լուսավորության խնդիր կար, մութ էր, սղղացրեց մեքենան ու խփեց ծառին»․ Գևորգ Պապոյանը՝ ավտովթարի մասին

«Լուսավորության խնդիր կար, մութ էր, սղղացրեց մեքենան ու խփեց ծառին»․ Գևորգ Պապոյանը՝ ավտովթարի մասին

Hraparak.am-ը գրում է․ Այսօր տեղեկություն տարածվեց, որ Տավուշի մարզում վթարի է ենթարկվել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Գևորգ Պապոյանը։

Նրան սպասարկող Toyota Camry մակնիշի 016 HH 01 համարանիշի ավտոմեքենան, որը վարում էր Երևանի բնակիչ, 34-ամյա Ռոբերտ Կ․-ն, ժամը 00։15-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։

Վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ 34-ամյա Ա․ Թ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։ 

Մենք տեղեկացանք, որ բուժօգնության դիմած ուղևորը եղել է Պապոյանի կինը, իսկ ղեկին էլ հենց ինքն է եղել։

Գևորգ Պապոյանը Hraparak.am-ի հետ զրույցում հաստատեց, որ վնասվածք ստացողը իսկապես կինն է եղել, բայց ղեկին ինքը չի եղել․ «Թեթև քերծվածք է եղել՝ էսպես ասեմ։ Ավելի շատ վախեցել էր կինս, էդպես լուրջ վնասվածք չկար»,-ասաց Պապոյանը

Մեքենայի մեջ, ըստ պատգամավորի, երեքով են եղել՝ ինքը, կինը և վարորդը, որն այդ պահին ղեկին է եղել, ու քանի որ կինը, Պապոյանի խոսքով, հետևի շարքում նստելիս իրեն վատ է զգում, դիմացն է նստած եղել։

«Ինքը չի կարողանում հետևը նստել՝ իրեն լավ չի զգում, միշտ դիմացն է նստում, դրա համար ես եմ հետևը եղել»,-ասաց նա։

Մեզ հետաքրքրում էր նաև, թե ի՞նչ գործ ուներ Գևորգ Պապոյանը այդ ժամին ծառայողական մեքենայով Տավուշի մարզում։

«Ես շաբաթ-կիրակի Սպիտակ, Գյումրի և Վանաձոր քաղաքներ ունեի պլանավորած այցեր, ու քանի որ պետք է նաև մնայի քաղաքներում՝ ես իմ հաշվին, որոշեցի, որ իրենք էլ ինձ հետ լինեն, և երեկոյան գնանք, որպեսզի առավոտվանից էդ հանդիպումները կայանան։

Ավելին ասեմ՝ Սպիտակի հանդիպումը վաղը էլի կայանալու է։ Այսինքն՝ ինքը աշխատանքային այց է եղել ամբողջովին։ Էսօրվա Վանաձորը չի կայանա, վաղը Սպիտակինը էլի հանդիպում է»։

-Հանդիպում կուսակտիվի՞ հետ։

-Հանդիպում քաղաքացիների հետ, համայնքների, վարչական շրջանների ղեկավարների հետ՝ ինչ խնդիրներ կան, սուբվենցիաներ և այլն, և այլն։

-Բայց Դուք որպես ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագա՞հ էիք մեկնում այդ հանդիպումներին, թե՞ որպես ՔՊ-ական պատգամավոր։

-Ավելի շատ՝ երևի որպես պատգամավոր էս պարագայում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում