«Լավ եմ անում, օգտվում եմ». Ալեն Սիմոնյանը չդիմացավ (Տեսանյութ)

«Լավ եմ անում, օգտվում եմ». Ալեն Սիմոնյանը չդիմացավ (Տեսանյութ)

Ընդամենը 1.5 տարի առաջ նախաձեռնվեց,այսպես կոչված, մի «բարեփոխում», որն այսօր հետադարձ փոփոխության է ենթարկվում և ո՛չ հիմնական, ո՛չ հարակից զեկուցողները չանդրադարձան այդ հարցին, խոսքը «կալանքի դատարանների» վերացման մասին է:

Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ ելույթ ունենալով Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու կառավարության նախաձեռնության վերաբերյալ:

Նա հիշեցրեց, որ 2021 թվականի փետրվարի 3-ին, իշխող կուսակցության պատգամավորներն ընդունում էին «կալանքի դատարանների» մասին նախագիծը՝ բարձրաձայն հայտարարելով, թե դատարանների  արդյունավետության բարձրացման, ծանրաբեռնվածությունը թուլացնելու համար են անում:

«Այսօր ուղիղ հակառակ հիմնավորումներով բերում և վերացնում եք այդ դատարանները: Լավ եք անում, որովհետև այդ դատարանները, ինչպես այն ժամանակ բարձրաձայնում էինք, ստեղծվել էին մեկ նպատակով՝ ծառայեցնել սեփական քաղաքական ուժի դեմ պայքարող անձանց նկատմամբ կալանքի կիրառմանը:

Փաստը և հիմնավորումները շատ հստակ են: Հիշեցնեմ Ջհանգիրյան օպերացիան, երբ Գագիկ Ջհանգիրյանն իր հայտնի գաղտնալսված հեռախոսազրույցի ընթացքում ինչպես էր հիմնավորում դատական համակարգի նվաճման գործընթացը, որպեսզի կարողանան զսպել քաղաքական ընդդիմությանը»,-հայտարարեց Մինասյանը:

Սրան արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ասելով. «Սա էլ ոնց որ 2008-ի մարտի 1-ից հետո ելույթ լիներ, երբ իշխանությունը ակնհայտ գործողություններ էր անում նույն Ջհանգիրյանի նկատմամբ»: Ապա դիմելով ընդդիմադիր պատգմավորներին՝ նշեց.

«Էդ դարակների միջից հանո՞ւմ եք այն ելույթները, որ պետք է լինեին 2006-ին, 2007-ին, 2008-ին, «Կոլցո» օպերացիաների ժամանակ, Սերժ Սարգսյանինեւ Ռոբերտ Քոչարյանին դաշնակից դառնալու ժամանակ, հայտնի մարդկանց ոկղմից դատավորներին զանգելու ժամանակ: Մեկ-մեկ էլ կարող եք մեր ընդդիմադիր ժամանակ եղած ելույթները վերցնել, տեղերով փոխել, ելույթ ունենալ»:

Երբ Արծվիկ Մինասյանը բողոքեց, որ նիստը վարողն օգտվում է իր դիրքից, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Լավ եմ անում՝ օգտվում եմ, կարող եք հանձնաժողով ստեղծել, ձեզ էլ չեմ ընդհատում, պարոն Մինասյան»: