Իրանի հյուսիսում լարում է հասունանում. Հայկ Մարտիրոսյան

Իրանի հյուսիսում լարում է հասունանում. Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իրանի հյուսիսում` պատմական Արցախի գրավված հարավի հարևանությամբ և հենց Արցախի գրավվյալ տարածքներում լարում է հասունանում: Թուրքական կողմից ծրագրվում է ակտիվացնել իրանյան ադրբեջանցիներին` Իրանը կազմաքանդելու նպատակով: Դա արվում է նաև Հայաստանի մնացած կարևորագույն հատվածը` Զանգեզուրը, կտրելու և հետո արագորեն Հայաստանի խնդիրն առհավետ լուծելու նպատակով:

Իրանի դրությունն անչափ բարդ է: Պատերազմի ժամանակ Իրանը Հայաստանին, ըստ տարբեր լուրերի, հսկայածավալ օգնություն էր առաջարկում, սակայն Երևանի դավաճանական ռեժիմն այն, ըստ նույն լուրերի, մերժեց, որպեսզի ծրագրված պարտությունն իրականանա:

Գրավելով Արցախի ողջ հարավը` օգտվելով նաև միջազգային իրավիճակից, այդ թվում` ԱՄՆ-ում ներքին քաղաքական ստեղծված կիսիշխանությունից, ստեղծված իրավիճակում թուրքական ռազմուժը քննարկում է Իրանը կազմաքանդելու, Ատրպատականի հետ միասին Մեծ Ադրբեջան ստեղծելու և Հայաստանը վերջնականապես ոչնչացնելու ծրագիր:

իրան զորավարժություններ

Դեմոկրատական վարչակազմի օրոք Իրանի կազմաքանդումը դառնում է առավել բարդ հեռանկար, քան հանրապետականների օրոք էր: Եվ քանի դեռ հանրապետականները հեռանում են, իսկ դեմոկրատները դեռ չեն եկել, պահը համարվում է հարմար:

Նիկոլ Փաշինյանի արարքը լիովին տեղավորվում է այդ համատեքստի տրամաբանությունում:

Իրանի դեմ արշավին, վատագույն սցենարի` ապակայունանալու պարագայում, միանալու են նաև այլ պետություններ, որոնք փորձելու են Իրանում միաժամանակ իշխանափոխություն իրականացնել և բաժանել երկիրը` այդ թվում նաև Ատրպատականի նահանգը պոկելով կենտրոնական իշխանության վերահսկողությունից: Իրանին ծնկի բերելը դրսից ներխուժող ռազմուժով գրեթե անհնար խնդիր է, բայց ներսի քայքայիչ շարժումները կարող են և ահռելի վտանգներ ստեղծել:

Սա Հայաստանի համար լինելու է կործանարար սցենար: Եվ այս սցենարի ահավորությունը հասկանում են մի շարք այլ խաղացողներ ևս: Եվ բացառված չէ, որ սցենարը խանգարվի ու այս փուլում կատարվող ջանքերը պասիվանան:

հասան ռոհանի

Հուսանք, որ այդ ծրագիրն այդպես էլ երբեք չի իրականանա, բայց դրա մղումներ և միտումներ արդեն իսկ առկա են: Հայաստանի հաջորդ իշխանություններն անհապաղ պետք է սկսեն բանակցել Ռուսաստանի հետ` արևելյան նոր առաջացած, ինչպես նաև հարավային և արևմտյան սահմանների բացառիկ ուժեղացման շուրջ` հայկական զինուժի մասնակցությամբ և նաև ահռելի ռազմական օգնություն խնդրեն այլ պետություններից:

Հենց այս և փլուզված բանակի անհապաղ վերակենդանացման պատճառով է նաև, որ չի կարելի մտածել թե Հայաստանում ով է լինելու հաջորդ` մոտալուտ առաջնորդը: Այն լինելու է, ամենայն հավանականությամբ, Մոսկվայի համար շատ ընդունելի մարդ:

Ով է դա` այս պահին ոչ ոք չգիտի և ստեղծված իրավիճակում կարևոր էլ չէ: Հայաստանն այլևս չունի ինքնիշխանություն և ստեղծված իրավիճակում` որևէ կերպ առաջ շարժվելու համար դավաճանի հեռացումն անհետաձգելի անհրաժեշտություն է»: