Աշխարհ

Իսրայելի քաղաքների փողոցներն ու խանութները դատարկ են

Իսրայելի քաղաքների փողոցներն ու խանութները դատարկ են

Pastinfo.am-ը գրում է․ Իսրայելի քաղաքների փողոցները գրեթե դատարկվել են, նախկինում, երբ առավոտյան գնում էինք կայարան, որտեղից մարդիկ տարբեր քաղաքներ աշխատանքի էին գնում՝ կյանքը եռում էր, ինչ ազգության մարդ ասես՝ կար, էլ չինացի, էլ ճապոնացի, էլ սևամորթներ, էլ ռուսներ, ուկրաինացիներ, հայեր, շատ-շատ էին, երեկ դուրս էի եկել, որ գնամ աշխատանքի, առավոտյան 6-ին մեքենան գալու էր, կայարանը դատարկ էր, 2 ռուս ու մի հայ էինք կայարանում։

«Փաստինֆոյի» հետ զրույցում պատմեց Իսրայելի Նաթանյաու քաղաքում բնակվող Քրիստինա Մինասյանը։

Նրա փոխանցմամբ՝ քաղաքը, որտեղ բնակվում է, դեռ հրետակոծության չի ենթարկվել, դրա համար էլ երկրի տարբեր բնակավայրերից, որտեղ հրետակոծություններ կան, մարդիկ տեղափոխվում են իրենց քաղաք։

«Շատ հայտարարություններ կան, մարդիկ այստեղ տուն ու աշխատանք են փնտրում ու զանգվածաբար տեղափոխվում են մեր կողմ։

Մարդիկ շատ տխուր են, շատ մտահոգ, ինչպես Հայաստանում էր,երբ մարդիկ բոլորը մի տեսակ խոժոռ էին, ամեն մեկն իր մտքերով, հայերի նման են դարձել՝ մտահոգ են, ոչ մեկ չի պատկերացնում, թե ինչով է ավարտվելու այս ամենը։ Ում հետ խոսում եմ՝ գլուխները բռնում են, ասում են՝ լավ չի վիճակը, բայց ոչ ոք չգիտի, թե երբ կվերջանա էս ամենը։ Մարդիկ ասում են՝ մեր զինվորները մեռնում են, բայց ոչ մեկ չի կարողանում բացատրել հանուն ինչի։

Երեկ մի կնոջ հետ էի խոսում, ասում է մեր երիտասարդները մեղք են, հեռախոսը բացել ու ցույց է տալիս զոհերի, գլխատված զինվորների, բռնաբարված կանանց, գերիների նկարները։

Ասում եմ՝ նույնը մեր հետ է եղել ադրբեջանցիներն են արել, ու դուք օգնել եք, զարմացած էր, մարդիկ չգիտեն, որ իրենց կառավարությունը Ադրբեջանին զենք է վաճառել, օգնել է։ Հիմա նաև ցույցեր են, մարդիկ կառավարության հրաժարականն են պահանջում»։

Նա նշեց, որ ամենօրյա ռեժիմով թերթերում հրապարակվում են գերիների նկարները։ «Սա իսկապես ճնշող է, նրանց մեջ շատ են երեխաները, կանայք, զինվորականները։

Կիսվել նյութով