Ինչ արել եմ, լավ եմ արել․․․ Այ հիմա ինքը իրան դարձրեց «Ներսեսիկ»․ Գևորգ Պետրոսյան

Ինչ արել եմ, լավ եմ արել․․․ Այ հիմա ինքը իրան դարձրեց «Ներսեսիկ»․ Գևորգ Պետրոսյան

Hraparak.am-ը գրում է․ «Ներսես Պողոսյանը ինձ ասել է, թե իբր դա ԱԱԾ-ն է ձայնագրել, բայց ես հավատացած եմ, որ ԱԱԾ-ն նման ապօրինի քայլի չէր գնա, որովհետև առանց քրեական գործի գաղտնալսել պատգամավորի մասնավոր հեռախոսային զրույցը․․․ դա ուղղակի հակաօրինական քայլ է»։

Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում, անդրադառնալով իր և Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի հեռախոսային «քիլդիմին», ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ Հիշեցնենք, որ համացանցում է տարածվել Ներսես Պողոսյանի և Գևորգ Պետրոսյանի հեռախոսազրույցի գաղտնալսված տարբերակը, որում Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է Ներսես Պողոսյանին, որ իրեն ասել է «Գևորիկ»։ Ի դեպ, հեռախոսազրույցի ձայնագրությունից պարզ է դառնում, որ փոխթաղապետն է զանգել Գևորգ Պետրոսյանին, այլ ոչ հակառակը․

«Իմ վարկածով՝ մեր զրույցը ի սկզբանե ձայնագրել է ինքը՝ ցուցումով գործելով, որովհետև ինքը հետո խոստովանեց, որ ինքը ստիպված է դա արել , հիմա իրեն ո՞վ է ստիպել, ես դա չեմ կարող ասել»,- ասաց Պետրոսյանը՝ հավելելով՝ «Ինքը զանգել էր ինձ, որպեսզի ինձ զգուշացնի, որ այլևս Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի մասին գրառումներ չանեմ, կարծիք չհայտնեմ, ես էլ իրեն ցույց տվեցի այն տեղը, որն ինքը զբաղեցնում է այս արևի տակ»։

Հարցրինք՝ պատրաստվում է իրավական գործընթաց սկսել՝ պարզելու համար, թե ինչպես է իր հեռախոսազրույցը հայտնվել համացանցում, պատրաստվո՞ւմ է Ներսես Պողոսյանին դատի տալ․

«Ես այնքան բան ունեմ անելու որպես պատգամավոր, տաբեր անելիքներ կան՝ ժողովրդի հետ շփումները, խնդիրների գույքագրումը։ Ես կտեսնեմ, թե ինչ ընթացք ու արձագանք կունենա դա, և ըստ այդմ կորոշեմ դատի տա՞լ, թե ո՞չ։ Այն, որ բացարձակ անօրինականություն է տեղի ունենում․․․ հասկանո՞ւմ եք՝ արդեն հասել ենք նրան, որ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը իր պաշտոնեական լիազորությունները սահմանազանցում է, և իրեն իրավունք է վերապահում փոխանակ վարչական շրջանում առկա բազմաթիվ խնդիրները լուծելու, զանգում է պատգամավորին և գալիս է հանդիպման, որ ասի՝ այլևս ելույթներ չունենաս։

Իհակե, ինքը գիտի, որ ինքն այն մարդը չէ, որ ինձ կարողանա ինչ-որ բանով սաստել, ես, հարգելով բոլորին, չեմ հասկանում, թե սա ինչ է․ իրավական պետությո՞ւն է, թե՞ բռնապետություն։ Ո՞վ է վարչական շրջանի ղեկավարի տեղակալը ․․․ ինձ նույնիսկ Նիկոլ Փաշինյանը չի կարող զանգել ու ասել՝ էս բանն արա, կամ մի արա։ Վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, որը կոնկրետ գործառույթներ ունի, թողած շրջանն անտեր, գնում է պատգամավորին Երևանից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա ասում է, որ եկել եմ՝ քեզ ասեմ, որ դու էդպիսի բան չանես , դե այդքանից հետո ինքներդ դատեք, թե իմ գործողությունները ինչքանով են եղել խելամիտ։

Ես ինչ- որ արել եմ, լավ եմ արել, և որևէ մեկը չկա, որ կարողանա իմ սահմանադրական իրավունքներին այդպիսի ապօրինի զսպաշապիկ հագցնի, որպեսզի  ես դառնամ լալուկ, դառնամ չխոսկան և դառնամ կամակատար։ Ավելի լավ է ես հրաժարական տամ, քան թե այդ կարգավիճակով պատգամավոր լինեմ»,- ասաց պատգամավորը։

Հեռախոսազրույցի ժամանակ Ներսես Պողոսյանը հետարքրքվում է «Գևորգ ջանի» որպիսությամբ, ապա ասում, որ իրենց արանքում «լավ ախպերներ կան»։ Պետրոսյանին հարցրինք, թե նախկինում ճանաչե՞լ է Ներսես Պողոսյանին, նրա հետ մո՞տ են եղել․

«Ասեմ Ձեզ։ Դրանից մի քանի օր առաջ և նաև մի քանի ամիս առաջ․․․ ինքը 2 անգամ նույն բանով զբաղվել է։ Ինքը իմ վերաբերյալ գրառում էր արել, երբ ես «5-րդ ալիքի» եթերում ելույթ ունեցա՝ բա «Բարգավաճի Գևորիկը», հետո ինքը որ զանգեց, ես իրեն ասացի՝ դու ո՞վ ես, որ ինձ ասես Գևորիկ, դու ինձնից  8 տարի փոքր ես, բայց ես ինձ երբեք թույլ չեմ տվել քեզ ասել Ներսեսիկ, չնայած հիմա ինքը իրեն դարձրեց Ներսեսիկ, բայց դա հարգանք չէ։

Ի՞նչ է նշանակում՝ դու զանգես բարձրաստիճան պետական պաշտոնյայի, պահանջես, որ նա լռի, դրանից առաջ էլ քեզ իրավունք ես վերապահել նրա նկատմամաբ գրառումներ անել, ես դրա համար իրեն կոպտեցի։ Էստեղ ինքը արդար չի եղել ամբողջ խոսակցությունը հրապարակելու հարցում, որովհետև ինքը վախենում է խոստովանել՝ հասկանալով, որ դրանով հարուցում է Քրեական օրենսգքրի զայրույթը, նա վախեցել է տեղադրել ամբողջ նյութը, մասնակի է տեղադրել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում