Ինչու է Սևանա լիճը տարիներ շարունակ կանաչում (Տեսանյութ)

Ինչու է Սևանա լիճը տարիներ շարունակ կանաչում (Տեսանյութ)

168.am-ը գրում է․ Մեր երկրի բնապահպանական հիմնախնդիրների շարքում արդեն տարիներ շարունակ անլուծելի թվացող խնդիրներով առաջին տեղում է Սևանա լիճը: Որպես քաղցրահամ ջրի բացառիկ պաշար՝ լճի կարևոր նշանակությունն անհերքելի է:

Սևանա լճի խնդիրների ու լճին սպառնացող վտանգների մասին, ցավոք, սկսում ենք հիշել միայն այն ժամանակ, երբ լիճը կանաչում է ու վտանգավոր դառնում մարդկանց առողջության համար: Այնինչ դրանց մասին պետք է ոչ միայն խոսել, այլև կոնկրետ գործողություններ իրականացնել մնացած բոլոր օրերին:

Բնապահպանները կարծում են, որ լիճը մեր աչքի առաջ մեռնում է, այսինքն՝ սկսում է ճահճանալ: Սևանա լճի ծաղկման հիմնական պատճառը լճում ցիանոբակտերիաների՝ կապտականաչ ջրիմուռների քանակի ավելացումն է: 

ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կիրառական հիդրոէկոլոգիայի լաբորատորիայի վարիչ Գոռ Գևորգյանը վստահ է, որ տարեցտարի վիճակը կվատանա, որովհետև աղտոտման աղբյուրները, որոնք նպաստում են Սևանի ծաղկմանը, չեն վերանում:

Ջրահավաք ավազանի բնակարանային կենցաղային և կոյուղաջրերի գետաջրերով դեպի լիճ մուտքը արգելափակված չէ: Ի՞նչ է տեղի ունենում Սևանի հետ, երբ կենսածին նյութերով աղտոտմանը գումարվում է նաև ծաղկումը:

Ծաղկումը, հատկապես այն ջրիմուռներով ու բակտերիաներով, որ դրսևորվում է Սևանա լճում, վտանգավոր է մարդու և ընտանի կենդանիների առողջության համար: Լճի ծաղկումը բացասական է անդրադառնում նաև Սևանի ափին գործունեություն ծավալող տնտեսվարողների ծրագրերի վրա:

Սևանա լճի խնդիրների մասին պետք է խոսել ամեն ժամ ու հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով պետք է հասնել դրանց լուծմանը, քանի դեռ չենք հասել այն ծայրահեղ վիճակին, երբ չեն կարողանա օգնել ոչ ներդրվող ջանքերը, ոչ էլ հսկայական ֆինանսական միջոցները:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում