Ի՞նչ իրավիճակ է Արցախում․ ԱԽՔ-ի հարցազրույցից հետո Ադրբեջանը գործի է անցել

Ի՞նչ իրավիճակ է Արցախում․ ԱԽՔ-ի հարցազրույցից հետո Ադրբեջանը գործի է անցել

Hraparak.am-ը գրում է․ Արցախի մեր աղբյուրները հայտնում են, որ Արցախի հյուսիս-արեւմտյան հատվածում՝ Շուշիի եւ Լաչինի շրջանների հատման կետում իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Լարվածության մասին հայտնել էր նաև լրագրող Նաիրի Հոխիկյանը, որը մասնավորապես գրել էր․

«Ծանր մարտեր են ընթանում Լաչինի միջանցքի մոտակայքում։ Թշնամին մոտեցել է Եղցահող գյուղին, փորձում է դիրքավորվել նաև ճանապարհին հարակից բարձունքում։ Մարտերը ընթանում են ականանետային կրակով, գործի են դրվել նաև աթս-ներ։

Բերձորում որոշ մարդիկ փորձել են տարհանում անել, բայց տեղի բնակիչները, ինչպես նաև տեղական իշխանությունները և ռուս խաղաղապահները թույլ չեն տվել։ Մարտական գործողությունների հետևանքով կրած հնարավոր վնասների մասին այս պահին կխուսափեմ խոսել՝ թշնամուն ինֆորմացիա չտալու համար։

Ամեն դեպքում մենք լավագույն վիճակում չենք, կարևոր է միասնականություն և համառություն։ Հուսով եմ, զորքերի մոբիլիզացիա կլինի, ռուս խաղաղապահներն էլ կանցնեն իրենց պարտականությունների ամբողջական կատարման»։

Նշենք, որ այսօր հրապարակվել է ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հարցազրույցը, որում նա նշել է, թե Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ:

«Այս ընթացքում, իհարկե, այս ուղղությամբ որոշակի աշխատանք կատարվել է, բայց այս պահի դրությամբ համաձայնեցված պլան գոյություն չունի: Համենայնդեպս՝ Հայաստանը որեւէ պլանի համաձայնություն չի տվել, հետեւաբար Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ»,- ասել է նա։