Թուրքիայի պաշտպանության նախարարն ու հույն պատգամավորները վիճաբանել են

Թուրքիայի պաշտպանության նախարարն ու հույն պատգամավորները վիճաբանել են

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը եւ հույն պատգամավորները բախվել են Ստամբուլում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի եւ Միջերկրական եւ Մերձավոր Արեւելքի հարցերով աշխատանքային խմբի համատեղ հանդիպման ժամանակ։

Վիճաբանություն է սկսվել, երբ պատգամավորներ Սպիլիոս Լիվանոսը, Մանուսոս Վոլոդակիսը, Թեոդորա Ցակրին եւ Անդրեա Լովերդոսը արձագանքել են Աքարի հայտարարությանը, որ Հունաստանը պետք է ապառազմականացնի իր կղզիները՝ կասկածի տակ դնելով նրանց ինքնիշխանությունը, ինչպես նաեւ օդային տարածքը եւ ծովային գոտիները, գրում է Kathimerini-ն։

«Ինչպե՞ս կարող է Թուրքիան մի կողմից հղում անել ՆԱՏՕ-ին, իսկ մյուս կողմից սպառնալ Հունաստանին casus belli»,-ասել է հույն պատգամավոր Սպիլիոս Լիվանոսը՝ ընդգծելով, որ Թուրքիան խոսում է պետությունների ինքնիշխանության մասին, «մինչդեռ նա է ներխուժել Կիպրոս»։

Ակնհայտորեն նյարդայնացած Աքարը պատասխանել է․ «Եթե օկուպացիա ասում եք հյուսիսային Կիպրոսի համատեքստում, դա նշանակում է, որ ուզում եք վիճել։ Թուրքիան Կիպրոսի հյուսիսի օկուպանտ չէ։ Մինչեւ 1974 թվականը այնտեղ տեղի են ունեցել ջարդեր ու հեղաշրջումներ»,-ասել է նա։

Դիմելով Աքարին՝ Վոլոդակիսը հայտարարել է, որ «օր չի անցնում առանց Թուրքիայի կողմից պատերազմի սպառնալիքի, թուրքական կործանիչները թռիչքներ են իրականացնում հունական բնակեցված կղզիների վրայով»։

Աքարն անդրադարձել է նաեւ թռիչքների խնդրին եւ ընդգծել, որ «հունական ինքնաթիռները ապրիլի 27-ին ժամանել են մայրցամաք եւ խախտել Թուրքիայի օդային տարածքը։ «Ի՞նչ եք ակնկալում մեզնից: Կան ռադարային պատկերներ։

Մենք դրանք տրամադրել ենք դաշնակից երկրներին։ Ապրիլի 28-ին մենք արձագանքեցինք այդ գործողություններին»,-ասել է Աքարը՝ պնդելով, որ Հունաստանը «աջակցում է ահաբեկիչներին», ինչն առաջացրել է հույն օրենսդիրների կտրուկ արձագանքը: