Թորոսյանը ճիշտ էր, վրացիները սխալվեցին․ «Ժողովուրդ»

Թորոսյանը ճիշտ էր, վրացիները սխալվեցին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Շուրջ մեկ տարի առաջ հայ-վրացական հարաբերություններում խոշոր սկանդալ էր պայթել. Հայաստանի այն ժամանակվա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կասկածի տակ էր դրել Վրաստանի կառավարության կողմից տարվող հակակորոնավիրուսային քաղաքականության արդյունավետությունն ու ասել, որ չի հավատում վրացական իշխանությունների` վարակվածների մասով հնչեցրած թվերին` ակնարկելով դրանց խիստ նվազեցված լինելու մասին:

Թորոսյանի այդ հայտարարությունը հանգեցրել էր նրան, որ Վրաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ խիստ արձագանքեցին հայ պաշտոնյայի ասածին, իսկ հասարակական շրջանակներում նախարարի ասածը մեկնաբանվեց որպես մասնագիտական նախանձ՝ ուղղված հարեւան երկրի առողջապահական համակարգին:

Ինչպես հիշում եք, սույն սկանդալից կարճ ժամանակ անց Վրաստանում համաճարակը ստացավ ահագնացող չափեր ու ստիպեց կառավարությանը գնալ երկիրը փակելու ճանապարհով: Վրաստանում սույն սահմանափակուները գործում են նաեւ այսօր, վարակվածների թիվն անցել է 300 հազարից, իսկ գրանցված մահացածները 4000-ից ավելին են:

Մոսկվա կորոնավիրուս

Հայաստանում էլ կորոնավիրուսով վարակվածների ու համավարակից մահացածների թվերը շատ չեն տարբերվում, միայն մի տարբերությամբ, որ այս ընթացքում Հայաստանն անցավ պատերազմով, իսկ սահմանափակումները այդքան խիստ չէին։

Քանի որ Վրաստանում Արսեն Թորոսյանի ասածները լայնորեն լուսաբանվել ու քննարկվել էին, հիմա էլ նշմարվում է հակառակ գործընթացը, երբ Վրաստանում հասարակական որոշ շերտեր մեղադրում են իրենց երկրի ղեկավարներին ժամանակին իրականությունը թաքցնելու մեջ:

Մտքեր են հնչում, որ հայերը ճիշտ էին ու ազնիվ իրենց քաղաքացիների հետ, եւ ենթադրում, որ անցած տարվա ապրիլ-մայիս ամիսներին Վրաստանում վարակվածներն արդեն մեծ թիվ էին կազմում, սակայն դա կա՛մ չէր հրապարակվում, կա՛մ մարդիկ չէին թեստավորվում:

Այն, որ Արսեն Թորոսյանը չպետք է նման հայտարարություն աներ, կասկածից վեր է, այլ պետությանը քննադատելը, մեղմ ասած, չէր կարող նպաստել երկկողմ հարաբերությունների զարգացմանը, բայց արդյունքում պարզվեց, որ Թորոսյանը ճիշտ էր, վրացիները սխալվեցին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։