Մամուլ

Ընդհանուր ծանոթի միջոցով ծանոթացա նրա հետ․ երբևէ չեմ հանդիպել մի մարդու, որ այդքան տա ու ոչինչ չվերցնի

«Հրապարակ»-ի զրուցակիցը Գոհար Գրիգորյանն է, ով Արցախում իրականացրել է հասարակական, սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրեր եւ, ինչպես ինքն է նշում, այդ ընթացքում բախտ է ունեցել շփվելու Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի հետ:

«Երբ նա եկավ Արցախ, ես իրեն գիտեի որպես Ռուբեն Վարդանյան, մինչ իր՝ Արցախ գալը կասկածում էինք, թե ինչի պիտի նա ամեն ինչ թողնի ու գա Արցախ, ինչ պիտի անի, ինչ նպատակով է գալիս, մի խոսքով՝ թերահավատ էինք, բայց երբ ճանաչեցի նրան, գիտե՞ք ինչը զարմացրեց՝ նրա նվիրվածությունը, պատրաստակամությունը, մարդ տեսակը:

Ընդհանուր ծանոթի միջոցով ծանոթացա նրա հետ: Ցանկացած ժամի եթե դիմեիր իրեն, պատրաստ էր լսելու, քննարկելու եւ օգնելու: Ես աշխատում էի հեռահաղորդակցման ոլորտում, շրջափակման ժամանակ գեներատորների հետ կապված խնդիր ունեցանք, մանավանդ մեր հեռավոր գյուղերում այդ օրերին կապի լուրջ խնդիր կար, ու նրա միջոցով ուր որ է հարցը պիտի լուծվեր, արեւային համակարգեր էր պատվիրել, բայց շրջափակման պատճառով տեղ չհասան»,- ափսոսանքով պատմում է Գոհարը՝ հիշելով․

«Մի անգամ նույնիսկ իրեն ասացի, թե Արցախը փոքր է, ու իր բոլոր ծրագրերի մասին նախապես իմացվում է: Լսել էի, որ զոհվածների ընտանիքներին տուն կառուցելու համար աջակցելու է:

Ասաց, որ դա մի փոքր արդար չէ` խտրականություն է, որ միայն զոհվածների ընտանիքներին օգնի: Ասաց՝ ինձ համար նեղ իրավիճակում գտնվողները բոլորը հավասար են: Գուցե կա զոհվածի ընտանիք, որ բնակարան ունի եւ դրա կարիքը չունի, փոխարենը՝ մեկ ուրիշն ունի»:

Երբ հղիների հետ կապված ծրագիր էին իրականացնում, փաթեթներ էին տրամադրում, գործընկերներիցս մեկը եկավ ասացիրեն ճանաչո՞ւմ ես, միջնորդի։ Ասացի՝ միակ տեղն է, որ ծանոթությունը դեր չի խաղում, դուք հանգիստ դիմեք կօգնեն։ Այդպես էլ եղավ: Տղաներից մեկը պատմեց, թե հղի կնոջը՝ շրջափակման մեջ, գրկած, ոտքով ինչպես է հասցրել հիվանդանոց:

Ես չեմ մոռանում Ռուբեն Վարդանյանի արձագանքը, դա շոկային էր իր համար, անմիջապես մտածեց՝ գտնել էլեկտրամոբիլներ ու օգտագործել այդ նպատակով: Երբ հղիների համար նախատեսված փաթեթները վերջացել էին՝ սննդամթերք չլինելու պատճառով, գյուղացիներից մեկն ասաց, որ իր մեղվի փեթակները սարերն են, ու վառելիքի խնդիր կա` բարձրանալու համար։

Վարդանյանն ասաց՝ ոտքով, ձիով, էշով կգնանք, ես անձամբ կգնամ, մենակ մեր հղիներին կարողանանք բաժին հասցնել: Պատկերացնո՞ւմ եք՝ էդ հնարավորությունների տեր մարդն էդ պահին ինչի էր պատրաստ: Որ ասում են՝ անգլիացիների, ռուսների բերածն էր Ռուբեն Վարդանյանը, ես իմ տեսածը, ապրածն ու զգացածն եմ ասում, ինքը մեծատառով մարդ էր, ամեն ինչի պատրաստ:

Հիշո՞ւմ եք՝ նրա աջակցությամբ ճաշարան էր գործում, որից 600-ից ավելի մարդ էր օրական օգտվում, իսկ ով չէր կարողանում ճաշարան գնալ, տուն էին տանում: Ու գիտե՞ք ինչն էր հետաքրքիր, որ այդ կամավոր երիտասարդների հետ, ովքեր օգնում էին այդ հարցերում, Ռուբեն Վարդանյանն անձամբ դասընթացներ էր անցկացնում, ասում էր՝ կրթությունն ամեն ինչի հիմքն է, մտավոր մեծ արժեքներ էր տալիս ջահելներին:

Պատերազմից առաջ մեր գյուղ՝ Մարտակերտի շրջանի Պողոսագոմեր էր գնացել, այնտեղ Ամենափրկիչ եկեղեցի կա, տեսնելու էր գնացել, ու երբ մարդիկ հավաքվել խոսել էին, թե ինչի կարիք ունեն, դեռ օգոստոս ամսին, ինքը պատվիրել էր փայտի վառարաններ պատրաստել, քանի որ հեռուն էր տեսնում, գիտեր, որ շրջափակումը երկար է տեւելու:

Ես երբեւէ չեմ հանդիպել մի մարդու, որ միայն այդքան տա ու ոչինչ չվերցնի, իսկ ինքը մեզ միայն տալիս էր, անգամ իր ընտանիքից հրաժարվեց հանուն Արցախի, տվեց ամեն ինչ»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվեք էջում