Մամուլ

Զինված ավազակային հարձակում Երևանում

Զինված ավազակային հարձակում Երևանում

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 21-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պռոշյան փողոցում գլխի հատվածում վնասվածք ստացած քաղաքացի կա: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը: 

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավոր քաղաքացուն, ով սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել: 

Ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Մովսիսյանի գլխավորությամբ: Տարածքը պարեկները սահմանազատել են, դեպքի վայրում էլ հայտնաբերել են ատրճանակ: 

Այս պահին ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններ՝ գլխի հատվածում վնասվածք ստացած վիրավորը ԱՄՆ քաղաքացի է:Քիչ առաջ դեպքի վայր ժամանեց ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի գլխավորությամբ: Տեղում բաժնի պետի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, ովքեր այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ճիվաղը քաղաքացուց հափշտակել է գումար, որի չափը ոստիկաններն ու քննիչները պարզում են:

Կիսվեք էջում