Զարուհի Փոստանջյանի դուստրը՝ դատի է տվել ՀՀ կառավարությանը

Զարուհի Փոստանջյանի դուստրը՝ դատի է տվել ՀՀ կառավարությանը

Hraparak.am-ը գրում է․ Քաղաքական, հասարակական գործիչ Զարուհի Փոստանջյանի դուստրը՝ Գրետա Դրամփյանը, վարչական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ կառավարության․ դատարանից պահանջում է պարտավորեցնել կառավարությանը՝ վերացնել անգործությունը, այսինքն՝ փոխհատուցել հասցված վնասը, որը կազմում է 5 մլն 594 հազար դրամ, որից 3 մլն դրամը՝ բարոյական վնաս, 2 մլն 594 հազարը՝ նյութական։

Զարուհի Փոստանջյանը «Հրապարակի» հետ զրույցում պարզաբանեց, թե ինչ վնասի մասին է խոսքը, որը կառավարությունը պետք է փոխհատուցի․ «2020 թվականին, ընդունելության քննությունների հետ կապված, կառավարությունը կարգ էր փոխել։

Այդ կարգով ընդունվել էր ոչ բարենպաստ վարչական ակտ, որը դատական կարգով Գրետա Դրամփյանը վիճարկել էր, եւ դատարանը ճանաչել էր վիճարկվող վարչական ակտի՝ իրեն վերաբերող դրույթները ոչ իրավաչափ, եւ այդ ոչ իրավաչափ ճանաչված վարչական ակտը, երեք ատյաններով անցնելով, վերջերս մտավ ուժի մեջ եւ, հետեւաբար, օրինական ուժի մեջ մտնելով՝ հաստատվել է, որ այդ ոչ իրավաչափ որոշմամբ անձին պատճառվել է նյութական եւ բարոյական վնաս, հետեւաբար՝ նա իրավունք ունի պահանջելու հատուցում։

Գրետա Դրամփյանը դիմել էր կառավարությանը՝ պահանջելով իրեն տրամադրել նյութական եւ բարոյական վնասի հատուցում, քանի որ ե՛ւ նյութական վնաս էր կրել, ե՛ւ բարոյական։

Կառավարությունը տրամադրել էր օրենքից բացարձակ դուրս պատասխան, ԿԳՄՍ փոխնախարարն էր պատասխանել՝ հայտնելով, որ այդ դատական ակտով վնասների վերաբերյալ հարց չի քննարկվել, մինչդեռ ցանկալի կլիներ, որ ոչ թե ԿԳՄՍ փոխնախարարը պատասխաներ Գրետա Դրամփյանին, այլ մի գրագետ իրավաբան, որը, եթե պիտի մերժեին, ավելի գրագետ մերժում կտրամադրեր։

Երեք նախապայման կա՝ մինչեւ իրավունքի վերականգնմանը հասնելը․ առաջինը՝ եթե վարչարարությունն իրականացնող մարմնի որոշմամբ խախտվել են անձի իրավունքները, ապա այդ որոշումը պետք է դատական կարգով ճանաչվի ոչ իրավաչափ, որից հետո ոչ իրավաչափ ճանաչված ակտի հիմքով անձը պետք է դիմի այն մարմնին, որը խախտել է, այսինքն՝ այդ ոչ իրավաչափ որոշումն ընդունել է։ Տվյալ մարմինը պետք է ընդունի վարչական ակտ՝ հատուցի կամ մերժի վնասների փոխհատուցումը։

Հիմա այս կառավարությունը հերիք չէ, որ ընդունել է ոչ իրավաչափ վարչական ակտ, որով ոչ միայն Գրետա Դրամփյանի իրավունքներն է խախտել, այլեւ շուրջ 1000 մարդու, դիմելուց հետո էլի պետք է ընդուներ ակտ, այդ ակտը չի ընդունել, այլ օրենքից դուրս պատասխան է գրել։

Մինչդեռ, եթե ոչ իրավաչափ է ճանաչվել իրենց կայացրած վարչական ակտը, ապա պետք է իրենք պատասխան տան այդ ոչ իրավաչափության համար, վնասները վերականգնեն, վերացնեն այդ ոչ իրավաչափության հետեւանքները։

Իրենք դա չեն արել, հետեւաբար, մենք դիմել ենք դատարան՝ պարտավորեցման հայցով, որպեսզի իրենք դա անեն, վերացնեն այդ ոչ իրավաչափ ակտի հետեւանքները։ Քանի որ հնարավոր չէ բերել նախնական դրությանը, այսինքն՝ այդ մեկ տարին իմ աղջիկը կորցրեց, մեկ տարվա ընթացքում կրեց նյութական եւ բարոյական վնաս, հետեւաբար, իրենք պետք է հատուցեն դրամական միջոցներով։

Սա օրենքի պահանջն է, սա ասում է ՀՀ Սահմանադրությունը, սա ասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, սա ասում են այն օրենքները, որոնք ՀՀ-ում գործում են։

Իրենք պետք է պատասխան տան իրենց արարքների համար, հիմա եկել է պատասխան տալու ժամանակահատվածը, եւ այն վնասը, որը պատճառեցին իմ դստերն ու այլ երիտասարդ աղջիկների եւ տղաների, այդ վնասը չափելը շատ դժվար է, բայց, այնուամենայնիվ, կառավարությունը պետք է պատասխան տա»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում