Երևանում «Քարֆուր» սուպերմարկետի տնօրենի աշխատասենյակից գողացել են չհրկիզվող պահարանը, որի մեջ եղել է խոշոր չափի գումար

Երևանում «Քարֆուր» սուպերմարկետի տնօրենի աշխատասենյակից գողացել են չհրկիզվող պահարանը, որի մեջ եղել է խոշոր չափի գումար

Shamshyan.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ օգոստոսի 25-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 08:50-ի սահմանններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք Արգիշտի փողոցի 11/3 հասցեում գործող «Քարֆուր» սուպերմարկետի տնօրենի աշխատասենյակից գողացել են չհրկիզվող պահարանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վազգեն Թադևոսյանի գլխավորությամբ:

չհրկիզվող պահարան

Արդեն տեղում նշված սուպերմարկետի մենեջերը հայտնել է, որ նույն օրը ժամը 04:40–ից մինչև 06:30-ն ընկած ժամանակահատվածում սուպերմարկետի պահեստի դուռը հարմարեցված բանալիով բացելու միջոցով մտել են տնօրենի աշխատասենյակ, այնտեղից դուրս բերել չհրկիզվող պահարանը, արդեն դրսում բացելով այն, այնտեղից հափշտակել են խոշոր չափի գումար:

Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Գևորգյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ չհրկիզվող պահարանից  հափշտակել են մոտ 10 մլն դրամ: