Երևանում ավտոմեքենան տապալել է հսկայական գազախողովակը, վնասվել են ավտոմեքենաներ. մի ամբողջ թաղամաս զրկվել է գազից

Երևանում ավտոմեքենան տապալել է հսկայական գազախողովակը, վնասվել են ավտոմեքենաներ. մի ամբողջ թաղամաս զրկվել է գազից

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքի Բ4 թաղամասի Բաբաջանյան փողոցում՝ Հյուսիս-Հարավ կառուցվող ճանապարհին, ավտոմեքենան հարվածել է գազատար խողովակին, կոտրել այն և հեռացել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գազատար խողովակի կոտրման հետևանքով սկսվել է ուժեղ գազի արտահոսք, իսկ մոտ 300 մետր երկարության գազախողովակի տակ տեղադրված 4 հենասյուները կոտրվել են, գազատար խողովակի մի մասը նույնպես կոտրվել է։

Դեպքի վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիները արդարացիորեն բարձրաձայնում էին ու ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «3 տարի է, էս խնդիրը կա, փոշի ու կեղտ ենք շնչում։ Կոյուղաջրերը դարձել են մի իսկական պատուհաս, գարշահոտության ասին էլ խոսք չկա։

3 տարի առաջ, երբ սկսեցին ճանապարհաշինարարական աշխատանքներ, ընդվզեցինք, ու քաղաքապետ Հայկ Մարությանը իր շքախմբով էկավ, խոստացան, որ 1 տարվա ընթացքում ճանապարհի այս հատվածում շինարարական աշխատանքների ավարտ կհայտարարեն, բայց հիմա միակ հարցի լուծումը տեսնում ենք նրանում, որ ճանապարհը փակենք»։ Բնակիչների հետ բանակցություններ է վարում ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Անդրանիկ Մելոյանը։

Ի վերջո, վարչական շրջանի ոստիկանապետին հաջողվեց բնակիչներին համոզել, հորդորել, որպեսզի չդիմեն այդ ծայրահեղ քայլին և բնակիչներից կազմված մի քանի հոգու հետ պայմանավորվեցին՝ խնդիրը տեղում քննարկելու և լուծելու նպատակով գնան Երևանի քաղաքապետարան։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գազախողովակի տապալվելու հետևանքով վնասվել է նաև 2 ավտոմեքենա. որոնցից մեկը BMW մակնիշի է, ու BMW-ի ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց և միայն հրաշքով են դրա վարորդն ու մյուս՝ Mazda մակնիշի ավտոմեքենայի վարորդը փրկվել։ Այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ՃՈ հետաքննական բաժանմունքից։

Ավտոմեքենաների վնասման փաստով նյութեր են նախապատրաստվում նշված բաժնմունքում, իսկ ոստիկանության Մալաթիայի բաժնում էլ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գազախողովակը ավերած ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։

Տեղում Գ. Մովսիսյանի կարգադրությամբ արագ դեպքի վայր ժամանեցին «Գազպրոմ Արմենիա»-ի Երևանի ԳԳՄ-ի Մալաթիայի բաժնի ծառայողները, ովքեր արդեն սկսել են վթարավերականգնողական աշխատանքներ, որպեսզի կարճ ժամանակում բնակչության գազամատակարարումը վերականգնվի։ Ոստիկանությունը պարզում է նաև վթարված ավտոմեքենաների վարորդների և հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում էլ BMW-ի վարորդն ասում էր. «Հրաշքով ենք պրծել։ Եղբորս հետ գնում էինք հարսանիքի, քավոր էի։ Մենակ էն եմ հիշում, որ հայտնվեցի փոշու մեջ ու ճիշտ կողմնորոշվեցի, որ շտապ մեքենան հեռացրեցի։ Եղբորս բնակիչները տեղում օգնություն ցուցաբերեցին ու տեղափոխեցին հիվանդանոց»։