Երևանի կենտրոնում կրակել են շան վրա․ ֆոտո

Օրերս հրազենի ապօրինի գործադրմամբ կենդանու վրա կրակելու դեպք է արձանագրվել Երևանի կենտրոնում․ Վարդանանց 22 հասցեում կրակել են շան վրա, հաղորդում է Econews.am-ը: 

Ինչպես հայտնել են քաղաքացիները՝ նրանք լսել շան ուժեղ վնգստոց, այնուհետեւ մոտեցել եւ տեսել են արյունահոսող կենդանուն: Շունը եղել է Երեւանի քաղաքապետարանի կողմից ստերջացված՝ ականջին տարբերանշանով։ Քաղաքացիները նշում են, որ կենդանին շրջել է անտուն քաղաքացու ուղեկցությամբ, երբ դեպքը տեղի է ունեցել։

EcoNews.am-ը կապ է հաստատել ՀՀ ոստիկանության հետ, որտեղից տեղեկացրել են․ «Նոյեմբերի 16-ին, ժամը 17։10 քաղաքացուց ստացել ենք ահազանգ, որ Վարդանանց 22 հասցեում շան են կրակել։ Այս պահին ահազանգով ստուգողական գործողություններ են կատարվում։ Ոստիկանությունն իր գործողություններով կստուգի բոլոր հանգամանքները»։ 

Հիշեցնենք, որ բնակավայրում եւ դրա համար չհատկացված տեղերում հրազենի կիրառումն ապօրինի է, ավելին նման գործողության իրականացումը լի է բազմաթիվ վտանգներով նաեւ մարդկանց համար, ինչպես նաեւ հանդիսանում է հասարակական կարգի խախտում եւ հանրային անվտանգության խնդիր:

կրակել են շան

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 173-րդ հոդվածի հատկանիշներով սահմանվում է․

Հոդված 173. Հրազենից կրակելը բնակավայրերում եւ դրա համար չհատկացված տեղերում կամ սահմանված կարգի խախտումով

Հրազենից կրակելը բնակավայրերում եւ դրա համար չհատկացված տեղերում, ինչպես նաեւ դրա համար հատկացված տեղերում սահմանված կարգի խախտումով` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով` հրազենի եւ ռազմամթերքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Կենդանին այժմ գտնվում է «Վետ լայն» կենդանաբուժական կլինիկայում: Շանն այնտեղ ռենտգեն հետազոտության են ենթարկել, որի վրա ակնհայտ երեւում է կրակոցի հետքը: Փամփուշտը դիպել է անմիջապես կենդանու ողնաշարին, ինչի հետեւանքով շան հետագա ճակատագիրն այժմ անհայտ է:

Ընդգծենք, որ բացի հրազենի ապօրինի կիրառման, կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի, հանրային անվտանգության եւ հասարակական կարգի խախտման դեպքի, վտանգի տակ է դրվել հարակից տարածքում գտնվող մարդկանց առողջությունն ու կյանքը, ինչպես նաեւ վնասվել է Երեւանի քաղաքապետարանի կողմից ստերջացված կենդանին, որի վրա համայնքային բյուջեից գումար է ծախսվել։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ հրազենի ապօրինի կիրառմամբ Երեւանի «Արարատյան Մասիվ» կոչվող տարածքի 116 դպրոցի բակում կրակել եւ սպանել են 3 շան: Ընդգծենք, որ ստեղծված իրավիճակն ու տեղի ունեցող իրադարձություններն առաջին հերթին վտանգ են ներկայացնում մարդկանց կյանքի, առողջության ու անվտանգության համար: Դեպքերը սկսել են կրել պարբերական բնույթ, ուստի կոչ ենք անում ՀՀ ոստիկանությանը լինել հնարավորինս խիստ եւ հետեւողական նշված հարցերում: