Մամուլ

Երկու տարում որքան գումար է ծախսվել Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքների համար. մանրամասներ

Կոտայքի մարզում գտնվող Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման աշխատանքների համար 2023 թվականին ուղղվել է ընդհանուր 422 միլիոն 509 հազար 263 դրամ։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի 2023 թ․ գործունեության մասին ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակված հաշվետվությունից:

Հիշեցնենք, որ 2022-ի այս օրերին՝ հուլիսի 9-ին, Հատիս լեռան գագաթին տրվեց Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարության մեկնարկը։ Խնդրո առարկա հաշվետվության մեջ, նկատենք, երկու տողով է ներկայացված հիշյալ համալիրի կառուցմանը հատկացված միջոցների մասին. մի դեպքում՝ 237 միլիոն 496 հազար 310 դրամ, մյուս դեպքում՝ 185 միլիոն 12 հազար 953 դրամ։ 

Հիմնադրամի նախորդ՝ 2022 թ․ հաշվետվությունից դատելով էլ՝ եւս 93 միլիոն 100 հազար դրամ համալիրի կառուցման աշխատանքներին հատկացվել է 2022-ին։ Այսինքն՝ երկու տարվա ընթացքում ավելի քան կես միլիարդ դրամ է հատկացվել մեծ աղմուկ հանած պրոյեկտը գլուխ բերելու համար:

Գագիկ Ծառուկյան հիմնադրամի (գործում է 2003-ից) տնօրենը ԲՀԿ ղեկավար Գ․ Ծառուկյանի դուստրն է՝ Անահիտ Ծառուկյանը, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի որդու կինը։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն են Գագիկ Ծառուկյանը, նրա մայրը, կինը, ինչպես նաեւ՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանն ու Դավիթ Մանթաշյանը։

Կիսվել էջում