Ես ունեմ ապացույցներ, որ անձամբ Փաշինյանն էր բաց թողել Մանվել Գրիգորյանին. ԱԱԾ նախկին պետի տեղակալ

Դու չապշեցի՞ք, երբ ճաղերի հետևից դուրս եկավ Մանվել Գրիգորյանը: Չապշեցի՞ք: Ապշեցիք, չէ՞: Նման հարցով մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին դիմեց ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

«Էս իշխանությունների գործունեության հիմնական «ռոլիկը» Մանվելն էր՝ իր 14 հազար դոլար արժողությամբ տուշոնկաներով: Հիմա Մանվել Գրիգորյանը մեկ էլ հանկարծ դուրս է գալիս բանտախցից: Ի՞նչ լուծեց այսօրվա իշխանությունը Մանվել Գրիգորյանին բաց թողնելով: Ոչ մի դատավոր կապ չուներ այստեղ: Ձայնագրություններից գիտեք, որ ընդհանրապես ցանկացած հարց՝ դատարաննների հետ կապված, լուծում է մեկ մարդ. ազգանունը՝ Փաշինյանը, անունը՝ Նիկոլ: Պարտադիր չէ, որ ինքը դատավորին կանչի հրահանգի՝ գնա էս արա, էն արա: Նման բան գոյություն չունի: Երրորդական-չորրոդական դեմքը զանգ կտա դատարանի նախագահին, իմ կարծիքով, և էդ հարցը կլուծվի»,- նշեց Եղիազարյանը՝ հավելելով, որ ինքն ապացույցներ ունի այն բանի, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է ազատ արձակել Մանվել Գրիգորյանին: 

«Ես ունեմ ապացույցներ, որ անձամբ ինքն էր բաց թողել Մանվել Գրիգորյանին, անձամբ: Որո՞նք են այդ ապացույցները: Եթե հանկարծ ինչ-որ դատավորի մտքով անցներ, որ ինքը կարող է Մանվելի պես մարդուն հենց էնպես բաց թողնել, դուք հիմա պատկերացնո՞ւմ եք՝ եթերով ինչեր էր գնում, ինչ հայտարարություններ էին մեկը մյուսին հաջորդում և ինչ ելույթներով կլցնեին ողջ համացանցը»,- ասաց նախկին ԱԱԾ-ականը:

Ի դեպ, նա խորհուրդ տվեց հետաքրքրվել, թե ովքեր են փակում Էջմիածնի փողոցները և նկատելի կլինի, որ նրանց մեջ էջմիածնեցիներ գրեթե չկան: 

«Հիմա ինչո՞ւ էր պետք Մանվելին բաց թողնել. ոչ թե նրա համար, որ նա հիվանդ է, ոչ, ամենևին, խնդիրն այլ հարթությունում է: Նախ և առաջ՝ որպեսզի մենք փնովենք դատական համակարգը, ասենք՝ ա՛յ, հերթական այլանդակությունը՝ բաց թողեցին, բաց թողեցին Մանվելի պես հրեշին: Երկրորդ՝ Նիկոլին օդի պես հարկավոր է, որպեսզի նա ողջ այդ համակարգը հանի փողոց, որպեսզի այդ վճիռները 36 թվականի նման լուծվեն ոչ թե դատական ակտերով ու դատարանի դահլիճում, այլ փողոցում: Այ, հիմա դուրս կգա հերթական կալանավորը, կոնկրետ՝ Ռոբերտ Քոչարյանը, էլի կփակեն փողոցը, կպահանջեն, որ դատվի, և ոչ մի ապիկարի մտքով չի անցնի, ասի՝ ո՞ւր են Մարտի 1-ի մարդասպանները, որտե՞ղ են կոնկրետ մարդասպանները: Դուք դեռ պետք է տարբեր ատյաններում ապացուցեք, որ Ռոբերտ Քոչարյանն է հրամաններն արձակել»:

Անդրադառնալով Մարտի 1-ի թեմային՝ Եղիազարյանը նկատեց որ, օրինակ, Հայկ Հարությունյանի անունը ոչ ոք չի տալիս: Նա այդ ժամանակ ՀՀ ոստիկանապետն էր: 

«Հայկ Հարությունյանը, որ իրա համար հիմա նստած ա, հայտնի է, որ նրա մարդկանցից երկուսը մարդ են սպանել: Մի հատ Հայկի անունը տվող կա՞՝ ձևի համար: Մեր բոլորի ուշադրությունը պետք է կենտրոնանա Ռոբերտ Քոչարյանի վրա: Ռոբերտ Քոչարյանն ամենևին իմ բարեկամը չի: Կարող ա իրա բարեկամն ա, ինչ-որ հարցեր ա լուծում, չեմ իմանում: Կամ էլ բարեկամի բարեկամն ա»,- ասաց բանախոսը:

Ամփոփելով Մանվել Գրիգորյանին ու վարչապետի կողմից դատական համակարգի կառավարելի լինելուն վերաբերող խոսքը՝ Գուրգեն Եղիազարյանը նշեց.

«Այսինքն՝ լուծվեց, որ դատական համակարգը ճահիճի մեջ է, պետք է ազատվել: Խնդիր համար առաջին: Երկրորդ՝ լուծվեց խնդիր, որ ցանկացած մարդու համար կարող եմ մի քանի հազար հոգի հանել և փողոցում պահանջել դատական ակտ՝ այն մարդկանց համար, ով որ իրեն ձեռք չի տալիս: Դեռ պարանին ու ծառին չի հասել՝ գցի ու կախի: Էդ էլ կանի, մի քիչ վատ վիճակի մեջ ա, մի քիչ տեղն ամրացավ, արյունը հորդալու ա Երևանի փողոցներով: Նա պետք է անընդհատ կիսավախեցած վիճակում լինի, որ դրան չանցնի»,- ասաց նա ու հավելեց, որ Մանվել Գրիգորյանի համար փողոց փակել տալով ու նորից կալանավորելով՝ լուծվեց այդ երկու հարցը։

Աղբյուր՝ past.am