ՄամուլՍպորտ

«Ես գրեթե ամեն ինչ ունեմ». մանկատան սանը չի բողոքում, փոխարենը ոսկե մեդալներ է նվաճում (Լուսանկարներ)

Ասում են` ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ կանցկացնես այն։ Հայաստանի հյուսիսային մայրաքաղաքի մանկատներից մեկի սանի համար 2019թ–ը սկսվել է հաղթանակով։

Ալեքսանդրան հունվարի 8-ին դարձավ 14 տարեկան։ Աղջիկը ինքն իրեն նվեր է արել ծննդյան օրվա կապակցությամբ` նվաճելով հերթական ոսկե մեդալը։

aleqsandra 4

Երևանում հունվարի 10-11–ը տեղի է ունեցել ծանրամարտի Հայաստանի առաջնությունը։ Այո–այո, Սաշան ծանրամարտիկ է, իսկ վերջին պարգևը չորրորդ ոսկե մեդալն է մոտ կես տարվա պարապմունքների արդյունքում։ Քրոջ և եղբոր հետ նա բնակվում է Գյումրու «Թռչունյան տուն» մանկատանը։

«Մինչև սպորտով տարվելը ես զբաղվել եմ երաժշտությամբ, դաշնամուր եմ նվագել, բայց հիմա միայն ծանրամարտում եմ տեսնում ինձ», – ասում է աղջիկը։

aleqsandra 3

Սաշային նման ոչ կանացի գործով զբաղվել ոգեշնչել է ավագ քույրը` Տանյան, որը, ի դեպ, ութ անգամ կանգնել է պատվանդանի ամենաբարձր աստիճանին, իսկ Իտալիայում 30 երկրների ներկայացուցիչների շարքում զբաղեցրել է 11–րդ հորիզոնականը։

Ալեքսանդրայի համար օրինակ է դարձել հայտնի մարզիկ Նազիկ Ավդալյանը։ Դա գուշակելը բարդ չէ. նշանավոր ծանրամարտիկի լուսանկարները զարդարում են աղջկա մահճակալի պատը՝ նրա պարգևների ու մեդալների հետ միասին։

«Սաշան մի քանի անգամ արժանացել է նաև արծաթի, իսկ իմ բոլոր մեդալները ոսկի են։ Նազիկ Ավդալյանն ինձ հրավիրել է իր մոտ։ Տեսնում եք` մենք համատեղ լուսանկար ունենք»,  – կատակով ասում է Տանյան։

aleqsandra 1

Նա արագ–արագ ուժեղ մատներով թերթում է ֆոտոալբոմի էջերը` հաճույքով ցուցադրելով մեզ այն լուսանկարը, որում պատկերված է բազմակի չեմպիոնը։ Սակայն 17–ամյա Տանյան ստիպված է եղել թողնել ծանրամարտը մեջքի խնդիրների պատճառով։ Ափսոս, շատերը լավ կարիերա էին կանխատեսել նրա համար։ Հիմա նա զբաղվում է ձեռագործով և նկարում է։

«Իսկ ես ուզում եմ նմանվել մարզչիս` Քրիստինային։ Ես նրան շատ եմ սիրում։ Մինչև ինձ վրա չի բարկանում, չեմ կարողանում կենտրոնանալ», – ժպտալով խոստովանում է Սաշան։

Այն հարցին, թե նա ամենից շատ ինչ կուզեր աշխարհում, Սաշան մանկական անմիջականությամբ և անկեղծ ժպիտով բացականչում է. «Ես գրեթե ամեն ինչ ունեմ»։

aleqsandra 2

Հետո, մի քիչ մտածելով, ավելացնում է. «Իսկ եթե կարողանամ հաղթել եվրոպական և աշխարհի առաջնություններում, ապա իմ տունը կունենամ, մեքենան, փողերը։ Այդ ժամանակ հաստատ ամեն ինչ կլինի»։

Աղջիկը երազում է այն մասին, որ նվաճի ոչ միայն իր երկրի մրցասպարեզները, այլ նաև Եվրոպայի և աշխարհի։ Թեև ցանկանում է ապրել հենց հայրենի քաղաքում` ընկերների ու մտերիմների մոտ։

«Թռչունյան տուն» մանկատան և կրթական կենտրոնի տնօրեն Սոնյա Սիմոնյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք որոշակի հույսեր են կապում Սաշայի հետ։

«Նա իսկապես կարճ ժամանակում շատ լավ արդյունքների է հասել։ Կարծում եմ, որ Ալեքսանդրան կկարողանա շատ բաների հասնել այս ասպարեզում», – կարծում է Սիմոնյանը։

Սաշան «Թռչունյան տանը» հայտնվել է մանուկ հասակում։ Հաստատության տնօրեն Սոնյա Սիմոնյանի խոսքով` նա մեկ տարեկան էլ չի եղել։

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում։

Կիսվեք էջում