Եկեք փրկենք ի վերջո մեր հայրենիքը. զոհված զինծառայողների ծնողներ

Եկեք փրկենք ի վերջո մեր հայրենիքը. զոհված զինծառայողների ծնողներ

Զոհված զինծառայողների ծնողները օգոստոսի 30-ին կլինեն Գլխավոր դատախազության մոտ: Այս մասին ասվում է նրանց տարածած հայտարարությունում:

«Սիրելի հայեր, եկեք փրկենք ի վերջո մեր հայրենիքը, մեր պետականությունն ու անկախությունը: Չկա մի օր, որ չբերի մեզ նոր զոհեր, հայրենի տարածքների նոր կորուստներ, աղետներ ու արհավիրքներ:

Մեր աչքի առջև, առանց որևէ կրակոցի, թշնամի երկրին են հանձնվում մեր գյուղերն ու հողերը իրենց հարուստ ջրային պաշարներներով, հանքերով, պատմամշակութային արժեքներով, տասնյակ տարիների ընթացքում մեր հայրենակիցների քրտինքով կառուցած իրենց բնակելի տներով ու պտղատու այգիներով:

Այլևս անհնար է հանդուրժել այս ազգային նվաստացումը: Ահա արդեն թշնամին խրախճանք է կազմակերպում Բերձորում և Աղավնոյում, ընդհուպ մոտեցել է Ջերմուկին, Տավուշի գյուղերին, վաղուց արդեն 41 կիլոմետր քառակուսի ներխուժել է Սոդք Խոզնավար հատվածում, զբաղեցրել Սև լիճը, առաջնահերթ վտանգված է Սիսիանը, Վարդենիսը, Տիգրանաշենը: Սա այն դեպքում, երբ մեր զավակներն իրենց կյանքը չեն խնայել այս սուրբ հողի մեկ միլիմետրը պաշտպանելու համար:

Այդ սուրբ հողում՝ Արցախում, մեր երեխաների թափված արյունն է, շատերիս զավակների դեռևս չգտնված աճյուններն ու մասունքներն են: Մենք չպետք է թույլ տանք Արցախի հանձնումը Ադրբեջանին, դրանով իսկ Ալիևին ոտքի ճանապարհ բացելով մինչև Երևան, որն անխուսափելի կլինի այդ պարագայում:

Դեռ կա հնարավորություն այդ աղետը կանխելու: Օգոստոսի 31 –ին Բրյուսելում կայանալու է եռակողմ հանդիպում, որտեղ բացի աղետալի և նվաստալի նոր զիջումներից, ոչ մի լավ բան հայ ազգի ու հայկական պետության համար չի կարող սպասվել:

Դա է ապացուցում վերջին 4 տարուց ավելի ժամանակահատվածում այս իշխանության օրոք հայ ազգի գլխին թափած դժբախտություւները, ներառյալ պատերազմի արդյունքում ունեցած մեր սարսափելի կորուստները՝ թե՛ մարդկային, և թե՛ նյութական: Եկե՛ք կանխենք հերթական դավաճանական որոշումներն ու պայմանավորվածություննրը:

Մենք, հերոսածին ծնողներս, ովքեր արդեն կորցրել ենք մեր ամենաթանկը, կոչ ենք անում օգոստոսի 30-ին ժամը 16:00-ին հավաքվել ՀՀ Գլխավոր դատախազության մուտքի մոտ՝ պահանջելու ՀՀ Գլխավոր դատախազից՝ Արթուր Դավթյանից, որպեսզի նա ի վերջո կատարի իր աշխատանքային պարտականությունը և ձերբակալի ներկայումս վարչապետի պաշտոնը զբաղեցրած, իսկ 44 օրյա պատերազմի ընթացքում իրեն գերագույն հրամանատար հռչակած Նիկոլ Փաշինյանին՝ պատերազմ հրահրելու, դավաճանական գործողությունների և անգործությունների արդյունքում պատերազմը տանուլ տալու, հազարավոր մարդկային զոհեր ունենալու և միլիարդավոր դոլարների հասնող տարածքային, նյութական, այդ թվում ռազմական սպառազինության կորուստներ պատճառելու, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ից հետո առ այսօր թշնամուն նոր տարածքներ, ճանապարհներ, ջրային և հանքային ռեսուրսներ զիջելու համար:

Մեղադրանք առաջադրելու համար հիմքերը ավելին քան շատ են, ներառյալ ապրիլի 13-ին իր արած հանցագործության ինքնախոստովանությունը ԱԺ ամբիոնից, որ կարող էր կանխել պատերազմը, կունենայինք նույն արդյունքը, իհարկե առանց զոհերի:

Կոչ ենք անում նախևառաջ բոլոր նրանց, ովքեր իրենց հայ են համարում, բոլոր քաղաքական ուժերին (առանց բացառության), հասարակական կազմակերպություններին, ազգային ազատագրական, անկախության շարժումներին, հերոսածին մեր մյուս ծնողներին և հարազատներին միանալ այս պահանջին՝ ձերբակալելու և մեղադրանք առաջադրելու Նիկոլ Փաշինյանին, որպես պետական դավաճանի, հնարավորություն տալու համար երկիրը կործանումից փրկելու:

Կհանդիպենք ժամը 30.08.2022թ. 16:00-ին ՀՀ Գլխավոր դատախազության շենքի մոտ»: