«Եթե Փաշինյանն ի վիճակի չէ կատարել իր տված խոստումները, դա մեծ խնդիր է. աշխարհը տեսնում է, որ նա թույլ է». Մեթյու Բրայզա

«Եթե Փաշինյանն ի վիճակի չէ կատարել իր տված խոստումները, դա մեծ խնդիր է. աշխարհը տեսնում է, որ նա թույլ է». Մեթյու Բրայզա

Ադրբեջանական CBC TV-ին տված հարցազրույցում ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան նշել է, թե վստահ է՝ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, այսպես ասած, ընդհանուր լեզու գտնել Ադրբեջանի հետ, բանակցել խաղաղության պայմանագրի շուրջ, սակայն Հայաստանի քաղաքական ընդդիմությունը խնդիրներ է ստեղծում, գրում է 168.am-ը:

«Արդյոք բավարար համարձակություն կունենա՞ Փաշինյանը, երբ իրենց «տանը» քաղաքական այդքան դիմադրություն կա, ես չեմ կարող կանխագուշակել»,- ասել է Բրայզան:

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, որ Ադրբեջանը կարող է մի քանի կետերով հատել ՀՀ սահմանը և երթևեկություն իրականացնել Նախիջևան, ՄԽ ամերիկացի նախկին համանախագահը կրկնել է վերոնշյալ միտքը՝ հավելելով՝ Նիկոլ Փաշինյանը լավ գիտակցում է, որ ապաշրջափակմանը վերաբերող եռակողմ հայտարարություն է ստորագրել 2020-ի նոյեմբերի 10-ին:

«Նիկոլ Փաշինյանը խոսք է տվել, և այսօր ամբողջ աշխարհը տեսնում է, թե որքան նա թույլ է: Նա չի կարողանում վերահսկել իր թիմի անդամների հայտարարությունները (նկատի ունի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի արձագանքը, որ Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն՝ այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ):

Շատ բարդ իրավիճակ է, ես խոսել եմ Բաքվի բարձրաստիճան պաշտոնյա իմ ընկերների հետ, դա նրանց նյարդայնացնում է, որովհետև եթե երկրի ղեկավարը խոսք է տալիս, նա պետք է կատարի բոլոր պայմանները և խոստումները:

Եթե Փաշինյանն ի վիճակի չէ դա անել, մեծ խնդիր է»,- նշել է Բրայզան:

Անդրադառնալով Արցախում ռուս խաղաղապահների առաքելությանը՝ նա կարծիք է հայտնել, որ 2020-ի նոյեմբերի 10-ից նրանք որոշակի դրական դերակատարում ունեցել են, ապակայունացնող երևույթներ թույլ չեն տվել իրենց, ինչպես, օրինակ, Վրաստանում (նկատի ունի Աբխազիան և Հարավային Օսիան):

«Այսինքն, լավ թե վատ իրականացնում են իրենց առաքելությունը: Բայց այս խնդիրը շատ բարդ է, և հնարավոր է՝ հայկական կողմը որոշել է, որ ռուս խաղաղապահները չեն կարող «թագավորել», և կարելի է իրավիճակից օգտվել, ես չգիտեմ:

Ես գիտեմ, որ մինչև այս պահը ռուս խաղաղապահները, ըստ էության, նորմալ գործել են, բայց խնդիրը շատ բարդ է, գուցե այլ ելք է պետք: Լավ է, որ թուրք «խաղաղապահները» գտնվում են Աղդամում, բայց նրանք չեն գործում, ընդամենը դիտարկում են, սակայն հնարավոր է՝ նրանց դերը մի փոքր ընդլայնվի»,- եզրափակել է Մեթյու Բրայզան:

Նշենք, որ 44-օրյա պատերազմից հետո Ակնայում՝ Աղդամ, բացվել էր ռուս–թուրքական մոնիտորինգի կենտրոն, որտեղից երկու երկրների զինվորականները պիտի հետևեն Արցախում կամ ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում հրադադարի պահպանմանն ու 2020-ի նոյեմբերի 10-ի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք բերված մյուս պայմանավորվածությունների կատարմանը: