Դրանք դիվանագիտական խնդիրներ են, որով ինքը կարող էր կանգնեցնել ու չկանգնեցրեց. Տիրան Խաչատրյան

Դրանք դիվանագիտական խնդիրներ են, որով ինքը կարող էր կանգնեցնել ու չկանգնեցրեց. Տիրան Խաչատրյան

Մենք հայտարարեցինք, որ այն քաղաքականությունը, որ իրենք տանում են, ազգակործան է և դրա շարունակությունը բերելու է այս օրվան, մենք դա հայտարարեցինք և պահանջեցինք իրենց հեռացումը։

Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը պատասխանատվություն չի զգում այսօրվա համար, որ մնար հավատարիմ ԳՇ հայտարարությանը և հեռացնեին Նիկոլ Փաշինյանին ռազմական դրության պայմաններում։

«Ուրիշ բա՞ն ենք պահանջել։ Դուք ո՞նց եք պատկերացնում, որ ռազմական հեղաշրջո՞ւմ պետք է լիներ, Դուք այդպե՞ս եք պատկերացնում այդ պատասխանատվությունը։ Եվ այդ ռազմական հեղաշրջման հետևանքով ի՞նչ կլիներ, ո՞վ էր դրա պատասխանատվությունը կրելու, կամ միջազգային հանրությունը ո՞նց էր վերաբերվելու դրան։

Եթե լիներ ռազմական հեղաշրջում, ներքին բախումներ և այլն, ի՞նչ էր ստացվելու։ Այսինքն՝ մենք երկրի անվտանգությունը ապահովելու փոխարեն ներսից քանդելու խնդիրներ էինք ստեղծելո՞ւ»,– ասաց նա։

Դիտարկմանը, որ այդ դեպքում Ձեզ մեղադրում են քաղաքականության մեջ մտնելու մեջ, Տիրան Խաչատրյանն ասաց․ «Ինչո՞վ էր քաղաքականացված այդ քայլը։

Այդ մեղադրողները թող ապացուցեն կամ ինչ-որ բացատրություն տան, դրա քաղաքական լինելը ինչով է հիմնավորվում, օդո՞վ, իրենց դատարկ ցնորաբանություններից վերցնել ու ասել, որ տենց ա։ Եթե քաղաքականության մեջ մտնել լիներ, մենք վաղուց կալանավորված կլինեինք»։

Հարցին, որ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ պատերազմը եղել է Շուշիի համար, երեկ ԱԱԾ-ից ասում էին, որ նման տեղեկություն չունեն, Դուք ի՞նչ կասեք, ԳՇ նախկին պաշտոնյան ասաց․«Պատերազմը եղել է Շուշիի՞ համար, մնացած տարածքների համար պատերազմ չի՞ եղել։

Մնացած տարածքներում քամի՞ էին քշում, թե փուչիկ էին տրաքացնում։ Վերցնում եք ինչ-որ կտոր կամ իր ասածները՝ հիմք, արդյո՞ք այդպես է եղել ․․․ այդպես չի ․․․ Լավ պատերազմը որտեղի՞ց է սկսվել, Շուշիին հասնելու շատ ավելի կարճ ուղիներ կային։ Արդյո՞ք այդպես է, իհարկե այդպես չէ»։

Ի պատասխան հարցի, որ Փաշինյանն ասում է, որ կարող էինք պատերազմն ավելի վաղ կանգնեցնել, բայց, իհարկե, կունենայինք նույն վիճակը, սակայն առանց զոհերի։ Ինչպես ստացվեց այդպես, Տիրան Խաչատրյանն ասաց․

«Դա իրեն պետք է հարցնեք։ Դրանք դիվանագիտական խնդիրներ են, որով ինքը կարող էր կանգնեցնել ու չկանգնեցրեց։ Ասեց չէ՝ կարող էի կանգնեցնել։ Ինչո՞ւ չկանգնեցրեց։ Իրեն հարցրեք»։

Մանրամասները՝ ստորև տեսանյութում