Դուք գիտե՞ք, թե ովքեր են սպանել Մարտի 1-ի 10 զոհերին, ես էլ չգիտեմ. Էդմոն Մարուքյան

Դուք գիտե՞ք, թե ովքեր են սպանել Մարտի 1-ի 10 զոհերին, ես էլ չգիտեմ. Էդմոն Մարուքյան:

2008 թվականից հետո գարնան առաջին օրը մեզ համար դարձել է սգո օր, հետևաբար կան հարգանքի տուրք մատուցելու տարբեր միջոցառումներ, որոնց մասնակցում ենք, նաև նախաձեռնում ենք մենք: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ աղոթում են զոհերի համար և որպես քաղաքական գործիչներ անում են ամեն ամեն ինչ, որպեսզի այլևս Հայաստանում նման դեպքեր չլինեն:

Մարուքյանը նշեց, որ ուշադրությամբ հետևում են, որպեսզի բացահայտվեն 11 տարի առաջ տեղի ունեցած սպանությունները՝ ովքեր են կատարել, ում հրամանով և այլն:

ԱԺ պատգամավորը չգիտի, թե ովքեր են նախկին իշխանություններից բացի ներգրավված գործում, քանի որ կա նախաքննության գաղտնիք. «Ես գիտեմ, որ առաջին նախագահն ել է ցուցմունք տվել: Ես չեմ կարող ասել, թե ովքեր կներգրավվեն: Ես միշտ պնդել եմ՝ քանի դեռ Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխություն չի եղել, չեն եկել այլ ուժեր, որոնք կկարողանան քաղաքական կամք դրսևորել Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը, քաղաքական սպանությունները բացահայտելու, դրանք չեն բացահայտվի:

Հիմա ունենք այդպիսի իրավիճակ և այս ճանապարհը հարթվում է, գնում ենք առաջ: Քրեական գործ կա հարցուցված, մենք էլ հետևում են ու հետևելու ենք: Ես հույս ունեմ, որ Մարտի 1-ն ամբողջությամբ կբացահայտվի, դատարանում կտեսնենք և կազմակերպիչներին, և սպանողներին, հանգամանքները կիմանանք, և հասարակությունը կսկսի գնալ դեպի հաշտեցում»:

Պատգամավորի խոսքերով, մինչ այս քիչ բան է հայտնի Մարտի 1-ի մասին. «Օրինակ դուք գիտե՞ք, թե ովքեր են սպանել 10 զոհերին, ես էլ չգիտեմ: Բազմաթիվ հանգամանքներ հայտնի չեն, պետք է սպասել, գործը քննվում է: Մենք գիտենք, որ Սահմանադրական կարգի տապալման մեղադրանք կա, դա գործի մի հատվածն է: Գործի ամբողջական և բազմակողմանի քննությունն ընթացքի մեջ է»:

«Ամբողջի արդյունքում պետք է գանք մի հանգրվանի, որտեղ հասարակությունն ամբողջությամբ հաշտված է: Այսինքն, մենք պետք է գանք հանրային համերաշխության: Այս ամենը պետք է արվի հանրային համերաշխության իմաստով, որից հետո պետք է մտածել մարտի 2-ի մասին, թե ինչպես ենք կառուցում ապագան»,-ասաց Մարուքյանը:

Լուսավոր Հայաստանի անդամները հնարավոր է մասնակցեն Նիկոլ Փաշինյանի հայտարարած երթին: Կուսակցությունը մոմավառություն և քայլերթ է կազմակերպել՝ հարգանքի տուրք մատուցելով Մարտի 1-ի զոհերի հիշատակը:

Աղբյուր՝ analitik.am