«Դատարանը հրապարակեց Խաչատուր Սուքիասյանի ցուցմունքը». Վահագն Գրիգորյան

«Դատարանը հրապարակեց Խաչատուր Սուքիասյանի ցուցմունքը». Վահագն Գրիգորյան

Aravot.am-ը գրում է․ Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Սերժ Սարգսյանն ընդդեմ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գործի քննության շարունակությունն էր: Նիստի ժամանակ ներկայացվեցին ապացույցներ, որոնք, ըստ հայցվոր կողմի, վերաբերելի չէին հայցին:

Հիշեցնենք, որ  Խաչատուր Սուքիասյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր. «Բոլորդ լավ գիտեք 3-րդ նախագահը հարյուր միլիոն դոլարից ավելի կազինոներում կրվել է, նույն  Բադեն-Բադենում․․․

Պարոն Օհանյանը լավ գիտի, 3-րդ նախագահն եկել է Հայաստան, կոշիկներից մեկը մի համար մեծ է եղել, մյուսը՝ մի համար փոքր, ոնց ա եղել, որ «Ֆաբերժե» չգիտեմ ինչեր էր․․․, որտեղի՞ց, ինչի՞ հաշվին, զենքերի հաշվին, մեր զինվորների հաշվին, կրթության հաշվին, առողջապահության հաշվին ու համակարգ չենք ունեցել․․․»։

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանի փաստաբան Վահագն Գրիգորյանն ասաց. «Խաչատուր Սուքիասյանի կողմից ներկայացվել է կոնկրետ խոսք, տվյալ, փաստ, որը պետք է հիմնավորվի:

Դատական գործի ողջ ընթացքում պարոն Սուքիասյանի ներկայացուցիչը փորձում է պնդել, որ հայտնածը ոչ թե փաստ է, այլ կարծիք՝ տարատեսակ հոդվածների, խոսակցությունների, թեկուզ օդում կախված լուրերի հիման վրա, սակայն դրանից արտահայտության բնույթը չի փոխվում:

Երբ որ անձի մասին ասում են, որ այսինչ մարդը այսինչ տեղում պարտվել է այսքան գումար, դա ապացուցման ենթակա փաստ է:

Հիմա այդ փաստը հիմնավորող որեւէ ապացույց չի ներկայացվել եւ չի էլ կարող ներկայացվել: Ավելին՝ այսօր դատարանը հրապարակեց նաեւ պարոն Սուքիասյանի ցուցմունքը, որտեղ ինքը իր ձեռքով ստորագրել է այն հանգամանքների տակ, որ որեւէ կոնկրետ անձի անուն չի կարող նշել, թե ով է իրեն նման տեղեկություն հայտնել, պարզապես լսել է խոսակցություններից:

Պարոն Սուքիասյանի ներկայացուցիչն էլ պնդում է,որ խոսակցությունների հիման վրա արված արտահայտություն է, բայց իր բնույթով դա գնահատողական դատողության եւ խոսքի ազատության շղարշի տակ չի կարող անցկացվել ուղղակի»: