Դանակահարություն «Ֆլագման» սրճարանի մոտ․ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 37-ամյա տղամարդ

Դանակահարություն «Ֆլագման» սրճարանի մոտ․ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 37-ամյա տղամարդ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 5-ին, հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Ժամը 17։40-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոց է հեմոռագիկ շոկով, գլխի և ոտքի շրջանում՝ դանակի մի քանի հարվածներով տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մասին հիվանդանոցից տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության կենտրոնական բաժին։

Մինչ Մարաշի բաժանմունքի ծառայողները ծանրութեթև կանեին, թե որտեղ և ինչ պայմաններում է դեպքը տեղի ունեցել, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 37-ամյա Լևոն Սարգսյանն է։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ, բժիշկները հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։

Կենտրոնի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Սայաթ-Նովա 26 հասցեում գործող «Ֆլագման» սրճարանի մոտ, որի ժամանակ անհայտ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և հասարակության նկատմամբ դրսևորելով բացարձակ անհարգալից վերաբերմունք, դեռևս չպարզված հանգամանքներում հարձակվել են Լ. Սարգսյանի վրա, մարմնական վնասվածքներ պատճառել, ինչպես նաև դանակի մի քանի հարվածներ հասցրել նրա գլխի և ոտքի հատվածներին։