Գյումրիում 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել. տղան ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևան

Գյումրիում 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել. տղան ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևան

Armtimes.com-ը գրում է․ Այսօր՝ կեսօրն անց, Գյումրու Երևանյան խճուղում 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել: Ըստ ականատեսների՝ վարորդը փախուստի չի դիմել, պարեկների ուղեկցությամբ տղային տեղափոխել է բուժօգնության:

Երեխային առաջին բուժօգնությունը ցուցաբերվել է «Գյումրի» ԲԿ-ում, այնուհետ տեղափոխվել է Ավստրիական մանկական հիվանդանոց:

Մանկական հիվանդանոցի տնօրեն Հովհաննես Վարձելյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում տեղեկացրեց, որ երեխայի մոտ առկա են եղել վերին վերջույթի կոտրվածքներ:

«Բազկոսկրի և նախաբազկի կոտրվածքներ ուներ, սոնոգրաֆիա է արվել, ներքին օրգանների փոփոխություններ չկային: Մանրամասն հետազոտվել է երեխան, հետո մենք ռեանիմոբիլով տեղափոխել ենք Երևան, քանի որ գլխի հարված ևս կար, նաև պոլիտրավմաներ էին առկա:

Կարգն այդպես է, նման դեպքերում, երբ ախտորոշվում է պոլիտրավմա, տեղափոխում ենք Երևան»,- ասաց Վարձելյանը:

Տղան այս պահին գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, կյանքին վտանգ չի սպառնում: Վիճակը գնահատվում է միջին ծանրության: