Գյումրեցի 32-ամյա հղի կնոջ մահվան մեջ հարազատները մեղադրում են բժիշկներին․ «Առավոտ»

Գյումրեցի 32-ամյա հղի կնոջ մահվան մեջ հարազատները մեղադրում են բժիշկներին

Aravot.am-ը գրում է․ Հունվարի 5-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում մահացել էր կորոնավիրուսի դեմ բուժվող 32-ամյա գյումրեցի Մերի Թորոսյանը, որը 30 շաբաթական հղի էր։

Նա երկրորդ անգամ էր մայրանալու․ ունի 11 տարեկան որդի։ Մերին 2009 թվականից աշխատում էր Դատական կարգադրիչների ծառայության՝ Շիրակի մարզի առաջի ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ծառայություն իրականացնող բաժնի Գյումրու բաժանմունքում՝ որպես դատական կարգադրիչ։ Ամուսինը՝ Արթուր Պալյանն ու քույրը՝ Սեդա Հակոբյանը, Մերիի մահվան մեջ մեղադրում են բժիշկներին, նշում, որ նրանք անմարդկային, անփույթ վերաբերմունք, ոչ պատշաճ բուժօգնություն են ցուցաբերել։

Մերի Թորոսյանին Գյումրիից շտապօգնության մեքենայով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց են տեղափոխել դեկտեմբերի 22-ին․ կորոնավիրուսով վարակված հղի կանանց բացառապես բուժում են այնտեղ։

Սեդա Հակոբյանը, որը դեկտեմբերի 27-ից հիվանդանոցում խնամել է հղի քրոջն, Aravot.am-ին պատմեց հետևյալը․ «Մերին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց է ընդունվել է 37․2 ջերմությամբ, սատուրացիան եղել է նորմալ՝ 95, իր ոտքով, ձեռքով գնացել է։ Առաջին օրը նրան ո՛չ մեկը չի մոտեցել, ո՛չ մի բուժօգնություն չեն ցուցաբերել։

Անգամ գիշերը, երբ ջերմություն է ունեցել ու խնդրել է իրեն դեղ տալ, ոչ մեկը չի մոտեցել։ Առավոտյան, երբ խոսեցինք հետը, ու նա ասաց այս մասին, զանգել ենք թեժ գիծ։ Տեղեկացրեցինք, թե ինչ է կատարվում հիվանդանոցների ներսում․ հղի կնոջը մոտեցող, դեղ տվող չկա, երբ նույնիսկ իր բերանով է ուզում։ Թեժ գծին հնչեցրած մեր զանգից հետո բոլոր բժիշկները մոտեցել են, սկսել են բուժել։

Մերին հրաժարվել էր համակարգչային տոմոգրաֆիայից՝ КТ-ից, որն անհրաժեշտ էր անհապաղ անել։ Իրենք սոնոգրաֆիայով որոշեցին, որ Մերին երկկողմանի թոքաբորբ է, բայց թե թոքերն ինչ աստիճան էին ախտահարված, չգիտեինք։

Մենք հետո ենք իմացել, որ քույրս չի համաձայնել КТ –ի։ Եթե անգամ հրաժարվում էր, չէ՞ր կարելի կապ հաստատել հարազատների հետ, ասել, որ ձեր հղին հրաժարվում է, ի՞նչ բուժում պիտի տանք, երբ չգիտենք քանի տոկոսով են ախտահարված թոքերը։ Երբ քրոջս տաքությունը բարձրացել է, հասել 40 աստիճանի, շատ վատ է եղել, իրենք այդ ժամանակ Մերիին ասել են, որ հնարավոր չէ այլևս ոչ մի բան ու տարել են КТ-ի։

Իհարկե, չգիտեմ՝ ինչպես են հասցրել համակարգչային տոմոգրաֆիայի սենյակ, երբ Մերիի պատմելով՝ թթվածինը պակասել էր, հիվանդանոցը թթվածին չէր ունեցել՝ իրեն տեղափոխելիս։ Երբ տեղափոխել են КТ-ի, թթվածինը վերջացել էր․ անընդհատ նույն պատմությունն էր այդ հիվանդանոցում։ КТ-ն արեցին, մեզ տեղեկացրեցին, որ թոքերը 75 տոկոսով ախտահարված են։

Քույրս ամսի 22-ից հիվանդանոցում պառկած էր, ամսի 27-ին է պարզվել, որ թոքերը 75 տոկոսով ախտահարված են։ Երբ ինքն առաջին օրը գնացել էր հիվանդանոց, լավ է եղել, փաստորեն նորմալ բուժում չեն սկսել․ իրենք Մերիի կամքով են շարժվել, իրենց համար մեկ է եղել՝ ինչ կկատարվի»,-պատմեց Սեդա Հակոբյանը։

Նա ասաց, որ դեկտեմբերի 27-ին, երբ ինքը սկսել է խնամել Մերիին, քանի որ նրա վիճակն արդեն լավ չէր, տեսել է, որ հիվանդասենյակում չափազանց ցուրտ է։ Այն ավելի է բարդացրել թոքաբորբով հիվանդի վիճակը։ Սեդայի փաստելով՝ դեկտեմբերի 28-30-ը քրոջ վիճակը լավացել է, բուժումը նորմալ ընթացել է, սակայն, ըստ մեր զրուցակցի, հիվանդանոցը մասնագիտացած լինելով հղի կանանց բուժման մեջ, զարմանալիորեն չի ունեցել հերթափոխ գինեկոլոգ։ «Գիշերները հիվանդանոցը չուներ հերթափոխ գինեկոլոգ, միայն ուներ բժիշկ։

Երբ հունվարի 3-ին Մերիի մոտ ցավեր սկսվեցին, ծննդաբերական ցավեր էին դրանք, դարձյալ չկար գինեկոլոգ։ Պիտի սպասեինք մինչև առավոտ, որ գինեկոլոգը գար։ Գինեկոլոգին միայն հեռախոսով էին ասում՝ էս տեղն է ցավում, էն տեղն է ցավում։ Ես չգիտեմ գինեկոլոգն ինչ էր պատասխանում հեռախոսով, բայց պիտի սպասեիր, մինչև առավոտը գար։ Ամբողջ հիվանդանոցում ունեցել են մեկ գինեկոլոգ»,-ասաց Սեդա Հակոբյանը։

Մանրամասները՝ Aravot.am-ի տեսանյութում