Գերությունից վերադարձած շիրակցի Սամվելի մայրը երեկ է իմացել, որ որդին Բաքվում էր

Գերությունից վերադարձած շիրակցի Սամվելի մայրը երեկ է իմացել, որ որդին Բաքվում էր

Բաքվից երեկ գերությունից վերադարձած 3 հայ զինծառայողներից մեկը գյումրեցի Սամվելն է, տան միակ զավակը, Շուխյան ընտանիքի հույսը, — գրում է Azatutyun.am-ը։

Երեկ ուշ երեկոյան Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից փոխանցեցին՝ երեք ռազմագերիները վերադարձվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում։

Գերիների հարցերով զբաղվող, շիրակցի իշխանական պատգամավոր Նազելի Բաղդասարյանի տվյալներով՝ հայրենիք են վերադարձել նաև Հադրութում գերեվարված շարքային զինծառայող, 19-ամյա Ռոբերտ Վարդանյանը և Թաղավարդում գերեվարված 46-ամյա Սեյրան Թամրազյանը։

Սամվել Շուխյանի հորեղբոր կինը՝ Գոհար Դարբինյանն «Ազատությանը» փոխանցեց՝ բուժզննում է անցել, լուրջ առողջական խնդիրներ չունի, ամեն ինչ լավ է. «Շատ լավ, ուրախ, տրամադրությունը բարձր, շատ լավ: Մենք էլ շատ ուրախ ենք: Տարել են հոսպիտալ, բուժզննում է անցել, նորմալ է ամեն ինչ»:

Տիկին Գոհարը պատմեց, որ Սամվելի մայրը միայն երեկ է իմացել որդու գերեվարման մասին։ Լուրը նրանից խնամքով թաքցնում էին. «Մեր այդ ապրումները տանջանք էին, իր մաման տեղյակ չէր, մինչև վերջ չգիտեր, երեկ իրիկունը նոր իմացել է, եկավ երեխան, նոր իրեն ասել ենք, մաման գիտեր, որ Ղարաբաղ խրամատներ կփորեր, դիրքերն էր»:

Սամվել Շուխյանը զինծառայող ընկերների հետ գերեվարվել էր Խծաբերդում, երբ արդեն ավարտվել էր լայնածավալ պատերազմը։ Իսկ պատերազմի ողջ ընթացքում շիրակցի երիտասարդը Ջաբրայիլում էր, տուն էր վերադարձել, հետո նրան նորից կանչել էին ծառայության. «Մենք շատ շնորհակալ ենք մեր Աստծուց, մեր երեխուն Աստված է բերել, ոչ ոք, ու շատ շնորհակալություն կհայտնենք Մուրադովին, Մուրադովը կզբաղվի մեր տղաներով»:

Մանրամասները՝ Ազատության տեսանյութում