Բումերանգի օրենքը դեռ ոչ ոք չի չեղարկել. ամեն ինչ առջևում է․ Կարինե Պետրոսյան

Բումերանգի օրենքը դեռ ոչ ոք չի չեղարկել. ամեն ինչ առջևում է․ Կարինե Պետրոսյան

«Հայրենիք» կուսակցության անդամ, նախկին դատավոր Կարինե Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Սույն թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ վարչական դատարանում քննվելու է իմ հայցն ընդդեմ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահի՝ ԲԴԽ անդամ /ներկայումս արդեն ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար/ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով դադարելու վերաբերյալ հայտարարություն տարածելու պահանջի մասին:

Խիստ արդիական գործընթաց, քանի որ դատական իշխանությունում ներկայումս տիրող իրավիճակը ուղղակի արտացոլումն է երկրի վիճակի: Մարող անկախություն, խամրող արդարադատություն…

Արդյոք ժամանակն էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների և ինչ տվեց այն երկրին ու ժողովրդին: Իհարկե, ոչ: Ժողովուրդը շփոթված էր պատերազմի պարտությունից, որդիների կորստից և պատրաստ չէր ընդունելու դրանում իր սխալ ընտրության մեղքի բաժինը:

Արդյունքում պատերազմում պարտված, երկիրը քաոսի վերածած իշխանությունը լեգիտիմացվեց, ինչը պահելն արդեն անհնար էր առանց վերահսկելի դատական իշխանության: Չէ որ դա միակ բաստիոնն էր, որ դուրս էր մնացել կապիտուլյանտի ազդեցությունից:

Հնարավոր էր փրկել և թույլ չտալ դատական իշխանության երերումը: Այո, եթե Բարձրագույն դատական խորհրդի նախագահը իրականացներ «ՀՀ դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 5-րդ կետով իր վրա դրված պարտականությունը և հայտարարություն տարածեր տարիքը լրանալու կապակցությամբ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարած լինելու վերաբերյալ:

Այն անդամի, որ դատական իշխանություն էր եկել հատուկ առաքելությամբ և, օգտվելով իրեն ուղղորդած իշխանության վերարտադրությունից, փորձում է ապահովել դրա վերահսկողությունը դատականի նկատմամբ: Չի ստացվելու…

Հ.Գ Իսկ ներկայիս քաղաքական իշխանության ներկայացուցիչները տվյալ փաստից ու իրողությունից պետք է որ շատ չոգևորվեն: Իրենց էլ են դատելու նույն դատավորները, ում անկախությունը այսօր փորձում են վերահսկելի դարձնել: Բումերանգի օրենքը դեռ ոչ ոք չի չեղարկել: Ամեն ինչ առջևում է ….»։