Բացառիկ տեսանյութ. Կոտայքի մարզում հոր ու որդու «գոնկան» ավարտվել է խոշոր ավտովթարով (Տեսանյութ)

Բացառիկ տեսանյութ. Կոտայքի մարզում հոր ու որդու «գոնկան» ավարտվել է խոշոր ավտովթարով

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ խոշոր և արտառոց ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 18:30-ի սահմաններում, Ձորաղբյուր գյուղի Ջերմոցների փողոցի թիվ 10/28 հասցեում գտնվող «Մավաս ագրո» ՍՊԸ-ի մոտակայքում բախվել են Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բնակիչներ, 22-ամյա Սերժիկ Միքայելյանի վարած Opel մակնիշի 36 TՏ 993 համարանիշի, 51-ամյա Միքայել Միքայելյանի վարած Mercedes-600 մակնիշի 36 TC 627 համարանիշի և Երևանի բնակիչ, 66-ամյա Համլետ Սարգսյանի վարած Opel մակնիշի 35 FA 439 համարանիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով Հ. Սարգսյանի Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին ու կամրջի բետոնե հատվածին և մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել կամրջի տակ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարից հետո Mercedes-ի վարորդը մեկ այլ ավտոմեքենայով դիմել է փախուստի, սակայն Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ հետապնդել ու բռնել են նրան, ով եղել է ոչ սթափ (խմած) վիճակում: