«Բանտային ճաշերը իրեն հարգող շունը չի ուտի». նախկին բանտարկյալ Արկադի Վարդանյան (Տեսանյութ)

Մոտ 5 ու կես տարվա ազատազրկումից հետո օրերս բանտից ազատ արձակված քաղաքագետ Արկադի Վարդանյանը Forrighs.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հեղափոխությունից հետո ՔԿՀ-ներում ի՞նչ է փոխվել հարցին, ասաց, որ թեև կալանավայրում կաշառքները որոշ չափով մեղմացել են, սակայն հիմնականում ոչինչ չի փոխվել:

Ըստ Վարդանյանի, թեև ինքն անձամբ կաշառք չի տվել ու չի առնչվել դրա հետ, շատ բաներ է լսել այդ մասին: Իսկ կաշառքի չափերի մասին պատկերացում կազմելու համար, ըստ քաղաքագետի, պետք է նայել, թե ինչ մեքենաներով են ՔԿՀ պատասխանատուները գնում աշխատանքի պետական աշխատավարձի պարագայում:

«Որքան գիտեմ՝ ԵԽ չափանիշներով յուրաքանչյուր կալանավորի վրա պետք է օրական ծախսվի 7 եվրոյի չափով գումար, սակայն կարող եմ ասել, որ 2 եվրոյի չափ հազիվ է ծախսվում»,- նշեց նախկին դատապարտյալը:

Քաղաքագետ Արկադի Վարդանյանը, որին հանրությունն առավել հիշում է 2000 թվականին Հայաստանում կազմակերպած բազմահազար ցույցերից, բանտում մոտ հինգ տարի պահվում էր կիսափակ ռեժիմով, մինչդեռ վերջին մեկուկես տարում օրենքով նա պետք է տեղափոխվեր կիսաբաց ռեժիմ: Երկարատև պայքարից ու հեղափոխությունից հետո Վարդանյանի ռեժիմը վերջապես փոխվեց, իսկ համաներմամբ նա դուրս եկավ բանտից:

Նշենք, որ քաղաքագետ Արկադի Վարդանյանը դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման՝ ընկերոջ հետ ընկերոջ հորը թունավորելու նախապատրաստությանն աջակցելու մեղադրանքով: Ինքը՝ Վարդանյանը մեղադրանքը անհեթեթ ու անհիմն էր համարում, իսկ իրեն՝ Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյանի ռեժիմի քաղբանտարկյալ:

«Դատապարտյալների մոտ 90 տոկոսը իրենց սնունդի ապահովում են իրենց հարազատների տուլիկներով, որովհետև բանտային ճաշատեսակները իրեն հարգող շունը չի ուտի»,-շարունակեց Հայաստանի բանտերի վիճակը ներկայացնել քաղաքագետը:

Ինչ վերաբերում է ՔԿՀ-ներում դատապարտյալներին տրվող բուժօգնությանը, ըստ քաղաքագետի, որպես այդպիսին այն կալանավայրում գոյություն չունի:

«Ես կարող եմ դա ապացուցել իմ անձնական օրինակով: Երբ ես հայտնվեցի Վանաձորի բանտում, որը ամենասարսափելի բանտն է, կարելի է ասել: Էնտեղ բազմիցս ունեցել եմ բարձր ճնշումի հետ կապված կրիզ: Երբ բուժքույրը վալչոկ կոչեցյալի միջից չափեց ճնշումս, աչքերը քառակուսի էին դարձել, երբ որ նայում էր»,-պատմեց նախկին բանտարկյալը՝ հավելելով, որ չնայած նման վիճակին՝ իրեն բուժօգնություն ցույց չեն տվել:

«Հետո ստիպված են եղել շտապօգնությունով տանել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, սակայն էնտեղ միայն ճնշում էին չափում: Հիմնականում էնտեղ ոչ բարվոք պայմաններ էին, ոչ մի բան չէին անում: Իրենց արածն ի՞նչ էր, ոչ մի բան, ճնշում չափելով կարելի՞ է մարդ բուժել»: Մոտ երեք շաբաթ անց քաղաքագետին նորից տեղափոխել են նույն բանտը, որտեղ կրկնվել է կրիզը:

Մանրամասները՝ տեսանյութում․

Աղբյուր՝ forrights.am