Արցախում զոհված Հովիկը չվայելեց հայր դառնալու երջանկությունը, դուստրը ծնվեց նրա մահից 7 ամիս անց

Արցախում զոհված Հովիկը չվայելեց հայր դառնալու երջանկությունը, դուստրը ծնվեց նրա մահից 7 ամիս անց

168.am-ը գրում է․ Արցախյան առաջին պատերազմը տիկին Աննայից խլեց ամուսնուն՝ Լյովա Խաչատրյանին, Արցախյան երկրորդ պատերազմը՝ 30-ամյա որդուն՝ Հովիկին։

«Մի տարի երեք ամսական էր, երբ հայրը զոհվեց Ոսկեպարում՝ 1991 թվականի մայիսի 6-ին։ Իգնատ Մամյանը գիրք ունի հեղինակած՝ «Եղերական լուսաբաց», Ոսկեպարի 13 միլիցիոներներն են, մեկ էլ Լյովան ու իր ընկերը՝ Գեղամը Եղվարդից․․․»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Հովիկ Խաչատրյանի մայրը՝ Աննա Խաչատրյանը։

Աշխույժ ու ժպտերես տղա էր Հովիկը, դպրոցական տարիքից զբաղվում էր սպորտով՝ ֆուտբոլի խմբակ էր հաճախում, դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ մարզչամանկավարժական ֆակուլտետի ֆուտբոլի բաժին, բազմաթիվ հաջողությունների էր հասել սպորտում։

Ինստիտուտն ավարտելուց հետո մեկնել էր ծառայության, իսկ զորացրվելուց հետո որոշել էր իրեն նվիրել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին և որպես պայմանագրային զինծառայող՝ աշխատանքի էր անցել ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում։

«Զորամասում աշխատելուց 6 ամիս հետո հրամանատարը զեկուցագիր խնդրեց, որ եթե ուզում ես կոչում ստանալ՝ պարտադիր պետք է վերապատրաստում անցնես Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։

Զեկուցագրից հետո 2015 թվականին 6 ամիս վերապատրաստվեց Վազգեն Սարգսյանի համալսարանում, ստացավ լեյտենանտի կոչում, այնուհետև Պաշտպանության նախարարի հրամանով գործի անցավ Արարատի զորամասում»,- պատմեց տիկին Աննան։

Արարատի, Կապանի, այնուհետև սեփական դիմումի համաձայն՝ Քարվաճառի զորամասերից մեկն էր տեղափոխվել և մինչև 2018 թվականը՝ պայմանագրի ժամկետի լրանալը, ծառայել է Քարվաճառում։

Որոշ դադարից հետո զինվորականի գործով հրապուրված Հովիկը ևս մեկ դիմում ուղարկեց Պաշտպանության նախարարություն, որպեսզի շարունակի ծառայությունը ՀՀ ԶՈՒ-ում։ 2020 թվականի սեպտեմբերի 14-ին հրամանը եկել էր, սեպտեմբերի 24-ին կրկին վերադարձավ Քարվաճառի նույն զորամաս, արդեն կոչումը պետք է բարձրացնեին՝ ավագ լեյտենանտ։

Պատերազմը երբ սկսվեց, Հովիկը դիրքերում էր: Պաշտպանության նախարարության հրապարակած զոհերի առաջին ցուցակում էր նաև Հովիկի անունը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում