«Արցախը հանձնելու» մասին նամակը կեղծ է

«Արցախը հանձնելու» մասին նամակը կեղծ է։ Օրերս համացանցում սկսեց շրջանառվել մի լուսանկար, որում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իբր նամակ է ուղղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։ Նամակում նշվում էր Արցախը Ադրբեջանին փոխանցելու պատրաստակամության մասին։

Առաջին իսկ հայացքից կարելի է կռահել, որ լուսանկարը և դրա բովանդակությունը կեղծ են։ Այդուհանդերձ ներկայացնում ենք որոշակի մանրամասներ։

Ինչպես տեղեկացանք ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» բաժնից, կեղծ լուսանկարը առաջին անգամ հրապարակվել է հունիսի 24-ին՝ ֆրանսկիական բլոգային հարթակում՝ կեղծ օգտատիրոջ կողմից։ Այնուհետև՝ հունիսի 26-ին, այն հրապարակվում է ադրբեջանական bakililar ֆորումում՝ կրկին կեղծ օգտատիրոջ կողմից, և ակտիվ քննարկման առարկա դառնում։ Որոշ օգտատերեր նույնիսկ սկսեցին տոնել «Արցախի վերադարձը»։

Հունիսի 28-ից կեղծիքը լայն տարածում է սկսում գտնել ռուսական մի շարք ֆորումներում և քիչ հայտնի կայքերում։ Որպես հեղինակ այստեղ ներկայանում է Արթուր Գրիգորյան անունով կեղծ օգտատերը։

Լուսանկարի կեղծ լինելու փաստի մասին կարելի է կռահել մի շարք դրվագներով․ կնիքի բացակայություն, նամակի համարակալման բացակայություն, Հանրապետության զինանշանի դիրքը և ձևը, ինչպես նաև մի շարք բովանդակային սխալներ։