Արտակարգ իրավիճակ Երևանում․ Դավիթաշենի կամրջի վրա բախվել են մոտ 40 ավտոմեքենա․ պատճառը մերկասառույցն է

Արտակարգ իրավիճակ Երևանում․ Դավիթաշենի կամրջի վրա բախվել են մոտ 40 ավտոմեքենա․ պատճառը մերկասառույցն է

Shamshyan.com-ը գրում է․ Արդեն 2 ժամ է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ժամը 06։50-ի սահմաններում Դավիթաշենի կամրջի վրա ճանապարհի մերկասառուցի պատճառով բախվել են մոտ 40 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 13 հրշեջ-փրարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։

Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումատակի 3-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։ Դավիթաշենի կամուրջը երկկողմանի փակվել է, իսկ ավտոմեքենաները տարբեր հատվածներում են։

Մոտ 15-ից ավելի ավտոմեքենաների վարորդներ էլ, չսպասելով ԱՊՊԱ-ի ժամանմանը, իրար հետ, ինչպես ժողովուրդն է ասում՝ տնավարի լեզու գտան, և ավտոմեքենաները դուրս բերեցին վթարի վայրից։ Այս պահին տեղում աշխատում են պարեկները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Փրկարարներն ու պարեկները մի քանի քաղաքացիների բուժօգնություն են ցուցաբերել, սակայն այդ քաղաքացիները հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Դավիթաշենի ողջ կամուրջը հիշեցնում է «Սոդոմ-Գոմոր», քանի որ պատկան մարմինները չեն բարեհաճել կամուրջը մշակել մերկասառույցից, ու միայն ժամը 08։50-ին բարեհաճել են ու այս պահին աղ ու ավազ են լցնում։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։