Արթուր Ալեքսանյանը հռչակվեց աշխարհի քառակի չեմպիոն

Արթուր Ալեքսանյանը հռչակվեց աշխարհի քառակի չեմպիոն

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը հռչակվեց աշխարհի քառակի չեմպիոն: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 97 կգ քաշայինների եզրափակիչ գոտեմարտում գյումրեցի ըմբիշը չորրորդ անգամ նվաճեց ոսկե մեդալ:

97 կգ քաշայինների եզրափակիչ գոտեմարտում օլիմպիական չեմպիոնը մրցեց 2018 թվականի աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն բուլղարացի Կիրիլ Միլովի հետ եւ հաղթեց 5:1 հաշվով:

Առաջին մրցափուլում Ալեքսանյնաը վերեւից աշխատելու հնարավորություն ստացավ եւ իրար հաջորդող երկու միավորանոց գլորումներով հաշվը դարձրեց 5:0: Միլովն առաջին մրցափուլում միավոր չկարողացավ վաստակել:

Աշխարհի քառակի չեմպիոնը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ մրցակիցը հրաժարվել էր պայքարից՝ հաղթանակը շնորհելով Ալեքսանյանին: 1/8 եզրափակիչում 3:1 հաշվով հաղթել էր թուրք Մեթեհան Բասարին, քառորդ եզրափակիչում էլ ժամանակից շուտ 9:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ղրղզստանի ներկայացուցիչ Բեկսուլթան Մախմուդովի նկատմամբ:

Կիսաեզրափակիչում 3:1 հաշվով առավելության էր հասել Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի գործող չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Մոհամադհադի Աբդուլահ Սարավիի նկատմամբ:

Արթուր Ալեքսանյանը մրցագորգից բացակայում էր Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո, որտեղ անորոշ մրցավարության արդյունքում Մուսա Եվլոեւի հետ եզրափակիչ գոտեմարտում արժանացել էր արծաթե մեդալի:

Արթուր Ալեքսանյանը 2012թ., 2013 թ., 2014թ., 2018թ. եւ 2020 թվականների Եվրոպայի չեպիոն է, 2014թ., 2015թ. եւ 2017 թվականների աշխարհի չեմպիոն, 2012թ․ Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2016թ․ Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Մինսկ-2019 Եվրոպական խաղերի չեմպիոն: