«Առավելագույնը 1-1,5 տարի հետո այս իշխանությունը փախչելու է Հայաստանից»․ Նաիրի Հոխիկյան

«Առավելագույնը 1-1,5 տարի հետո այս իշխանությունը փախչելու է Հայաստանից»․ Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ընդդիմությունը թե ինչ քայլեր կանի առաջիկա օրերին, դժվարանում եմ ասել, բայց եթե ձևավորվի խորհրդարան ու կառավարություն, ապա մենք կունենանք ճգնաժամերով ուղեկցվող կառավարում, որը երկար կյանք չի ունենա։

54% ունեցող խմբակցությունը չի կարող սահմանադրական օրենքներ ընդունել, փոխել կամ առնվազն 2/3 կողմ ձայն պահանջող այլ օրենսդրական ակտեր կյանքի կոչել։

Դա միանշանակ բերելու է ներքաղաքական լարվածության։ Վստահ եմ, առավելագույնը 1-1,5 տարի հետո այս իշխանությունը փախչելու է Հայաստանից, բայց մինչ այդ շատ իրադարձություններ կլինեն։

Նիկոլ Փաշինյանի խոստացած պողպատը այդպես էլ կմնա խոստում իր ընտրազանգվածի համար, քանի որ նախ այդ թիմը չունի հմտություններ, ապա նրանց համար կարևորը խոսքն է, ոչ թե գործը։ Ասաց, ստացավ քվե, մնացածը կարևոր չէ։

Մարդիկ դրանում հերթական անգամ կհամոզվեն առաջիկա ամիսներին։ Հիմա քաղաքացիական հանրությանը շատ ավելի անհրաժեշտ է միավորվել ազգային գաղափարներ ու արժեքներ կրող անձանց շուրջ, ձևավորել ազգային էլիտա, որը արատավորված չէ և կարող է արժանիորեն դիմակայել ապազգային իշխանությանը։

Առաջիկա ամիսներին մենք կտեսնենք, թե ինչպես է Թուրքիան մեր նկատմամբ վարում սողացող պատերազմ, երբ նախ փող կմտցնի մեր երկիր, ապա ՀՀ իշխանության միջոցով ավելի կպասիվացնի ազգային իմունիտետը։

Քաղաքական այն ուժերը, որոնք իրականում ունեն ազգային ինքնություն, պետք է մի կողմ թողնեն անձնական ամբիցիաները և միավորեն իրենց պոտենցիալը՝ հանուն հայկական պետականության պահպանման և հանուն Արցախի»։