«Առաջին անգամ սիրել եմ, երբ դպրոցական երեխա էի՝ 13 տարեկան, այդ զգացմունքն ինձ ուղեկցել է մինչեւ 20 տարեկան…»

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել «Աստղերի առաջին սերերը» խորագրով շարքը, որի շրջանակում պատմում ենք հայտնիների նվիրական զգացմունքների մասին, բացահայտում նրանց կյանքի անհայտ կամ քչերին հայտնի դրվագներ։ Այս անգամ մեր զրուցակիցը դերասանուհի Նաիրա Մովսիսյանն է։ Նա համաձայն է այն կարծիքին, որ առաջին սերը երբեք չի մոռացվում. «Առհասարակ, ոչ մի բանի առաջինը չի մոռացվում։ Առաջին անգամ սիրել եմ, երբ դպրոցական երեխա էի՝ 13 տարեկան, այդ զգացմունքն ինձ ուղեկցել է մինչեւ 20 տարեկանը։ Ընդ որում, այս տարիներին ընկերություն դեռ չէինք անում, պարզապես սերը սրտումս ապրում էի։ Ես այդ տղային սիրում էի պլատոնական սիրով, երեւի դրանից ուժեղ բան չկա»,-խոստովանեց Նաիրան։

Հարցին, թե ընկերություն անելուց հետո ինչու հարաբերություններն այդպես էլ ընթացք չստացան, դերասանուհին պատասխանեց, որ այն տարիքում ավելի խելամիտ էր եւ հստակ հասկացել էր, որ իրենց հարաբերություններն ապագա չէին ունենալու.«Տարիների հետ հասկացել եմ, որ մարդ որքան քիչ է ինֆորմացված, այնքան ավելի ճիշտ որոշումներ է կայացնում։ Ես նրա հետ պլաններ չեմ կազմել, իհարկե, իր կողմից եղել են խոստումներ, բայց դրանք մանկական բաներ էին, չէի կարող հիմք ընդունել այդ արտահայտությունները»,-շեշտեց նա։

Նաիրան պատմեց, որ այդ տարիներին Երեւանի պետական կոնսերվատորիա ընդունվելու ցանկություն է ունեցել, սակայն իրադարձությունների ընթացքը նրան այլ ուղով է տարել. «Երբ բաժանվեցինք, էլ չերգեցի, ինքն էլ չկար, երգն ինչի՞ս էր պետք»։ Դերասանուհին պատմեց, որ սիրելին եւ ինքը տարբեր մտածելակերպ ունեին, ընտանեկան դրվածքներով եւս բավական տարբերվում էին. «Հիմա նա ընտանիք է կազմել, ի դեպ, մենք նույն թաղամասում ենք ապրում եւ ոնց էլ չլինի՝ այս տարիների ընթացքում պատահական հանդիպել ենք։ Երբ տեսնվում ենք, բարեւում ենք, հարցնում՝ ինչպես ես ու անցնում»։

Հարցին, թե արդյոք միասեր է, դերասանուհին պատասխանեց, որ այո եւ հավելեց. «Թեեւ ամեն տարիքում այդ զգացմունքը յուրովի է արտահայտվում»։ Նաիրան նշեց, որ հավատում է ճակատագրին, իսկ մարդու դերը, ըստ նրա, իրեն ի վերուստ տրված ամեն բան հասկանալն է, ճիշտ ուղղությամբ քայլելը. «Ես հասկացել եմ, որ եթե այդ մարդու հետ ապագա չպետք է ունենաս, նա գալիս է քո կյանք, որ ինչ-որ բան սովորեցնի ու գնա, իսկ նա, ով պետք է մնա, անպայման մնում է»,-եզրափակեց դերասանուհին։

Աղբյուր՝ armlur.am

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...