Ապարանում սև արագիլ են լուսանկարել. Նա Հայաստանում հազվադեպ հյուր է․ ֆոտո

Ապարանում սև արագիլ են լուսանկարել։ Ապարանի տարածաշրջանում Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանությա հիմնադրամի տնօրեն Մանուկ Մանուկյանը սև արագիլ է նկարել. արագիլի այս տեսակը շատ հազվադեպ է հանդիպում, Հայաստանում միայն բնադրում է:

Մանուկ Մանուկյանը նշեց, որ  արդեն երկու տարի է կենսաբան և հիմնադրամի խորհրդի նախագահ Հրաչ Ղազարյանի հետ հետևում են սև արագիլներին Ապարանում և այս տարի նկարել են, տեղյակ են, թե մոտավորապես որտեղ են բնադրում, սակայն թռչունների անվտանգության նկատառումներից ելնելով գաղտնի է պահվում, քանի որ միշտ էլ գտնվում են մարդիկ, ում համար թռչուն բռնելը կամ սպանելը պազապես զվարճանք է:

«Փորձում ենք արագիլի բույնը գտնել, համարակալել, նաև ձագերին օղակավորել: Չեմ կարող ասել, թե ինչքանով դա մեզ կհաջողվի, փորձում ենք»,- ասաց Մանուկյանը:

Նշենք, որ սև արագիլ հանդիպում է Արևմտյան Եվրոպայում, Ռուսաստանում, Փոքր և Միջին Ասիայում, Հարավային Աֆրիկայում:

սև արագիլ

Սև արագիլն ավելի հազվադեպ է հանդիպում, քան սպիտակ արագիլը, սև արագիլը բնադրում է Եվրոպայում և Ասիայում: Հայաստանում հիմնականում հանդիպում է  Սևանա լճի ավազանում, հյուսիսային և հարավարևմտյան շրջաններում: Բնադրող-չվող տեսակ է: Չափազանց զգույշ թռչուն է, գերադասում է ապրել խուլ անտառներում:

Սև արագիլ հանդիպում է  նաև Արփի լիճ ազգային պարկի տարածքում և Ջավախքի տարածաշրջանն այն եզակի հատվածներից է, որտեղ հնարավոր է  սև արագիլ հանդիպել և ազգային պարկի կառավարման պլանի մեջ նշված է նաև սև արագիլը որպես պահպանվող տեսակ:

Ըստ նախնական գնահատման՝ Հայաստանում կա սև արագիլի 2-5 զույգ: Տարվա մեջ բնադրում են մեկ անգամ, դնում են 3-6 ձու: Բազմացումն անազատ պայմաններում գրանցվել է 2007 թ-ին Խարկովի կենդանաբանական այգում, որտեղ 1 զույգից ստացվել է 3 ձագ:

Աղբյուր՝ analitik.am