ԱՆ գլխավոր մանկաբարձ Ռազմիկ Աբրահամյանը ձերբակալվել է

ԱՆ գլխավոր մանկաբարձ Ռազմիկ Աբրահամյանը ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Քննչական կոմիտեից։

ՀՀ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել են «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը:

Ավելի վաղ նշված քրեական գործի շրջանակներոմ, ՀՀ քրեական օրենսգրքի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, մեղադրանք էր առաջադրվել մեկ անձի՝ Երևան քաղաքի բնակչուհու՝ ծնված 1976 թվականին:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք՝ լրագրողների հետ զրույցներից մեկում Ռազմիկ Աբրահամյանը անդրադառնալով հարցին, թե նորածինների ապօրինի որդեգրման դեպքեր են արձանագրվել նաև Հանրապետական ծննդատանը՝ նշել էր, որ նորածինների ապօրինի որդեգրման դեպքերի հետ ծննդատները ոչ մի առնչություն չունեն։

«Որդեգրման պրոցեսն ընթանում է իրավապահների, արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, մանկատան և այլ կառույցների կողմից»։